ԱՄՆ առափնյա պահպանության նավի անձնակազմը Կարիբյան ծովում միաժամանակ կանգնեցրել է արգելված թմրանյութեր տեղափոխող երեք նավակ՝ առգրավելով ավելի քան երեք տոննա կոկաին, հայտնում է CBS News-ը:

270 ֆուտանոց «Թահոմա» մոտորանավի անձնակազմը նավ բարձրանալու գործողությունն իրականացրել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքի ափերից մոտ 90 մղոն հեռավորության վրա։

Թմրանյութեր տեղափոխող բոլոր երեք ենթադրյալ նավերը միաժամանակ բռնելու համար «Թահոմա»-ի անձնակազմը ջուրն է իջեցրել երկու փոքր նավակ և գործի դրել ուղղաթիռ։

Ըստ առափնյա պահպանության հայտարարության՝ ուղղաթիռից հետապնդվող նավակի ենթադրյալ մաքսանենգները «չեն ենթարկվել պահանջներին»:

Առափնյա պահպանության անձնակազմը նավակը կանգնեցնելու համար կիրառել է «օդից ուժի կիրառման մարտավարություն, ներառյալ՝ դիպուկահարների նշանառու կրակոցներ շարժիչների ուղղությամբ»։ Ենթադրյալ մաքսանենգները նետվել են ջուրը և փրկվել առափնյա պահպանության կողմից, նրանցից ոչ ոք չի տուժել։

Մյուս երկու նավակի ենթադրյալ մաքսանենգները կանգնել են՝ փոքր նավակներով մոտեցած առափնյա պահպանության անձնակազմի անդամների հրամանով։

Ըստ պաշտոնյաների՝ «Թահոմա»-ի անձնակազմը երեք նավից առգրավել է 3 տոննա կոկաին։

Գործակալության տվյալներով՝ մոտ 45 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը նավի անձնակազմը կբեռնաթափի Ֆլորիդայի Էվերգլեյդս նավահանգստում։

Source: https://news.am/hy/news/1035818