Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ մինչև 2027 թվականը կավարտի Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավթամուղի շինարարությունը՝ շարունակվող հակամարտության և ռազմավարական ջրային ուղու հնարավոր երկարատև շրջափակման պայմաններում նավթի անխափան արտահանումն ապահովելու համար. հայտնում է The Guardian-ը:

Հորմուզի նեղուցը, որով մինչև Իրանի և իր հակառակորդների միջև պատերազմի սկսվելն անցնում էր ծովային ճանապարհով համաշխարհային նավթի և հեղուկացված գազի մատակարարումների մոտ 20%-ը, փաստացի շրջափակված է արդեն գրեթե 11 շաբաթ:

Սա հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի և ուժեղացրել ճնշումը Պարսից ծոցի երկրների տնտեսությունների վրա։

Գահաժառանգ արքայազն Խալեդ բին Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը երկրի պետական նավթային ընկերությանը հանձնարարել է արագացնել նախկինում չբացահայտված նախագծի իրականացումը։

Նոր խողովակաշարը նավթն էմիրությունների ներքին շրջաններից կհասցնի Օմանի ծոցի ափ՝ Ֆուջեյրա նավահանգիստ:

Ակնկալվում է, որ նոր երթուղին կկրկնապատկի ԱՄԷ-ի արտահանման հնարավորությունները արդեն գործող Հաբշան-Ֆուջեյրա նավթամուղի միջոցով, որն ունակ է օրական տեղափոխելու մինչև 1,8 միլիոն բարել նավթ: Այսպիսով, ընդհանուր թողունակությունը կարող է հասնել օրական 3,6 միլիոն բարելի։

Գոյություն ունեցող խողովակաշարն առանցքային դեր խաղաց այն բանից հետո, երբ Իրանը փակեց նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից կարճ ժամանակ անց։

Այսօրվա դրությամբ միայն ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան ունեն խողովակաշարային ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս նավթ արտահանելու՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։

Երկրորդ նավթամուղի շինարարությունն արագացնելու որոշումն ընդունվել է ԱՄԷ-ի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալուց մի քանի շաբաթ անց, որին երկիրը անդամակցում էր 60 տարի։ Այս քայլը վկայում է Սաուդյան Արաբիայի հետ խորացող տարաձայնությունների մասին, որն ավանդաբար կողմ է արտահանվում արդյունահանման խիստ սահմանափակումներին՝ նավթի բարձր գները պահպանելու համար։

Կարտելից դուրս գալն ԱՄԷ-ին՝ ՕՊԵԿ-ի նախկին անդամների թվում նավթի երրորդ խոշորագույն արտադրողին հնարավորություն է տալիս հակամարտության ավարտից հետո ավելացնելու արդյունահանումն ու արտահանումը։ Նոր նավթամուղը երկրին հնարավորություն կտա մեծացնելու մատակարարումները նույնիսկ այն դեպքում, եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը ձգձգվի կամ նավագնացությունը լիովին չվերականգնվի։

Համեմատության համար նշենք, որ Սաուդյան Արաբիան իր խողովակաշարերով կարող է օրական մոտ 7 միլիոն բարել նավթ տեղափոխել Կարմիր ծովի Յանբու նավահանգիստ, որից մոտ 5 միլիոն բարելն արտահանվում է։

Source: https://news.am/hy/news/1035817