Կալիֆոռնիայում գրանցվել է թունավոր սնկերից թունավորումների՝ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր բռնկումը. հայտնում է NBC News-ը:

2025 թվականի նոյեմբերից ի վեր չորս մարդ մահացել է, 43-ը՝ հոսպիտալացվել, իսկ ևս չորս բուժառուի անհրաժեշտ է եղել լյարդի փոխպատվաստում։

Կալիֆոռնիայի հանրային առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ տուժածները եղել են 19 ամսականից մինչև 84 տարեկան։ Դեպքերն արձանագրվել են Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանի և նահանգի կենտրոնական ափամերձ գոտու ավելի քան տասը շրջաններում։

Այս շաբաթ հայտնաբերվել է երեք նոր դեպք։ Մի ընտանիք վայրի սնկեր է հավաքել Նապա շրջանում, ինչից հետո ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են Stanford Medical Center:

Թունավորումների հիմնական պատճառ է դարձել դալուկ կոճղասունկը (Amanita phalloides), որը Կալիֆոռնիա է ներմուծվել Եվրոպայից 1930-ական թվականներին՝ դեկորատիվ ծառերի հետ միասին։ Մի քանի դեպքերում թունավորման պատճառ է դարձել մեկ այլ ծայրահեղ թունավոր սունկ՝ արևմտյան կործանարար հրեշտակը (Amanita ocreata):

Սովորական տարում ամբողջ երկրում արձանագրվում է Amanita ցեղի սնկերից թունավորման մոտ 50 դեպք։ Այս տարի միայն Կալիֆոռնիան գրեթե հասել է այդ ցուցանիշին։

Գիտնականներին հատկապես զարմացնում է այն, որ բռնկումը շարունակվում է սովորական սեզոնի սահմաններից բավականին դուրս։ Սովորաբար դալուկ կոճղասնկերը զանգվածաբար հայտնվում են դեկտեմբերին և հունվարին, սակայն մայիսին գրանցվել է ևս հինգ նոր դեպք։

Այս սնկերի թույներն ախտահարում են լյարդը, երիկամները և ստամոքսաղիքային համակարգը։ Առաջին ախտանիշները՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և որովայնի ցավը, կարող են ի հայտ գալ օգտագործումից միայն 24 ժամ անց։ Արդեն երկու-երեք օր հետո հնարավոր է մահացու լյարդային անբավարարության զարգացում։ Մասնագետների պնդմամբ՝ ընդամենը շաքարի կտորի չափ չափաբաժինը կարող է մահացու լինել:

Կալիֆոռնիայում տուժածների մեծ մասն իսպանախոս բնակիչներ են, ինչպես նաև չինարեն, ռուսերեն, ուկրաիներեն և Կենտրոնական Ամերիկայի բնիկ ժողովուրդների լեզուներով խոսող մարդիկ։ Բժիշկները ենթադրում են, որ շատերը հիմնվում են իրենց երկրներում սունկ հավաքելու փորձի վրա, որտեղ արտաքնապես նման տեսակները կարող են ուտելի լինել:

Փորձագետները խոստովանում են, որ այս տարի թունավոր սնկերի արտասովոր տարածման ստույգ պատճառը դեռևս առեղծված է մնում։ Գիտնականներն ընդգծում են, որ սնկերը զգալիորեն ավելի վատ են ուսումնասիրված, քան բույսերն ու կենդանիները, իսկ այս ոլորտում հետազոտությունները բավարար չեն։

Source: https://news.am/hy/news/1035826