Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ են արտաքսել գործարար Ալեքս Սաաբին՝ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենամոտ դաշնակիցներից մեկին, հայտնում է NBC News-ը։

Սա անսպասելի շրջադարձ էր, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ Ջո Բայդենը ներում էր շնորհել Սաաբին բանտարկյալների փոխանակման շրջանակում, ինչից հետո նա վերադարձել էր Կարակաս՝ որպես քաղաքականապես պաշտպանված գործիչ։

54-ամյա Սաաբը, որը ծնունդով Կոլումբիայից է, երկար տարիներ համարվել է Մադուրոյի ռեժիմի ֆինանսական գործարքների առանցքային միջնորդը։

Ամերիկյան իշխանությունները նրան անվանում էին «Մադուրոյի դրամապանակ»՝ ենթադրելով, որ հենց նրա միջոցով էին անցնում խոշոր գործարքներն ու դրամական հոսքերը, որոնք կապված էին պետական պայմանագրերի և միջազգային սխեմաների հետ։

ԱՄՆ-ն հետաքննում է Սաաբի մասնակցությունը լայնածավալ կոռուպցիոն սխեմային՝ կապված Վենեսուելայի CLAP պարենային ծրագրի շուրջ, որը ստեղծվել էր աղքատ ընտանիքներին առաջին անհրաժեշտության մթերքներով ապահովելու համար։

Քննության վարկածով՝ սննդամթերքի մատակարարման պայմանագրերի արժեքը արհեստականորեն ուռճացվում էր, իսկ միջոցների մի մասը դուրս էր բերվում կեղծ ընկերությունների միջոցով և վերադարձվում պաշտոնյաներին՝ հետվճարների տեսքով։

Վենեսուելայում իշխանափոխությունից հետո Սաաբը կորցրել է իր ազդեցությունը։ Երկրի նոր ղեկավարությունը նրան ազատել է պետական պաշտոններից և զրկել օտարերկրյա ներդրումների ներգրավման գլխավոր միջնորդի կարգավիճակից։ Վերջին ամիսներին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվում, որ նա գտնվում էր տնային կալանքի տակ կամ բանտարկված էր։

Այժմ Սաաբը կրկին հայտնվել է ամերիկյան արդարադատության տրամադրության տակ։ Նրան կարող են ներգրավել ոչ միայն արդեն իսկ գոյություն ունեցող մեղադրանքներով, այլև որպես կարևոր վկա Նիկոլաս Մադուրոյի գործով, որը 2026 թվականի հունվարին ձերբակալվելուց հետո սպասում է դատավարության Նյու Յորքում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության հետ կապված մեղադրանքներով։

Source: https://news.am/hy/news/1036002