Մարտին տեղի ունեցած մի շարք փոթորիկների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղները դարձել են վերջին 20 տարվա ընթացքում Հավայան կղզիներում նմանատիպ ամենախոշոր տարերային աղետը և լուրջ հարված են հասցրել գյուղատնտեսությանը, հատկապես Օահու կղզու հյուսիսային ափին, որտեղ կենտրոնացված են կղզին տեղական մթերքով ապահովող փոքր ֆերմաները, հայտնում է Associated Press-ը։
Ըստ ֆերմերական կազմակերպությունների տվյալների՝ մոտ 6 500 ֆերմաներից ավելի քան 600-ը հայտնել են շուրջ 40 մլն դոլարի վնասի մասին, սակայն իրական կորուստները, ըստ Հավայան ֆերմերային ասոցիացիայի գնահատականների, կարող են հասնել 50 մլն դոլարի և առնչվել մինչև 2 000 տնտեսության։
Վնասվել են ցանքատարածությունները, գյուղտեխնիկան, ենթակառուցվածքները և անասնագլխաքանակը, ընդ որում՝ ֆերմաների մի մասը փաստացի ոչնչացվել է։ Ջրհեղեղը քշել է հողի բերրի շերտը և թողել ցեխի հաստ նստվածքներ, իսկ մի շարք դեպքերում աղտոտված ջուրը հանգեցրել է մշակաբույսերի լիակատար ոչնչացման։ Տուժել են բանջարաբոստանային և մրգատու տնկարկները, այդ թվում՝ լոլիկը, դառը ձմերուկը, տերևավոր բույսերը և արևադարձային ծառերը։ Նույնիսկ սովորաբար խոնավադիմացկուն տարոն ոչնչացվել է աղտոտված ջրով երկարատև հեղեղման հետևանքով։
Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել փոքր ֆերմերների մոտ, որոնցից շատերը ներգաղթյալներ են և աշխատում են վարձակալած փոքր հողակտորների վրա։ Նահանգի տնտեսությունների մեծ մասն ունի տարեկան 10 000 դոլարից պակաս շրջանառություն, ինչը նրանց չափազանց խոցելի է դարձնում բնական աղետների նկատմամբ և սահմանափակում է բերքի ապահովագրման հնարավորությունը։
Նահանգի իշխանությունները և դաշնային կառույցները սկսել են տուժածների անհապաղ աջակցությունը․ հատկացվում են մոտ 1 500-ական դոլարի դրամաշնորհներ, տրամադրվում են արտոնյալ վարկեր և սերմացուի վերականգնման ծրագրեր։ Ստեղծվել է նաև բարեգործական հիմնադրամ, որը ֆերմերներին օգնելու համար հավաքել է մոտ 850 000 դոլար։
Չնայած դրան՝ շատ տնտեսություններ արդեն կրճատել են արտադրության ծավալները և մատակարարումները ֆերմերային շուկաներին մինչև սովորական մակարդակի մոտ մեկ քառորդը, ինչն անդրադառնում է տեղական խանութների և շուկաների մատակարարման վրա։
Source: https://news.am/hy/news/1036013
Football
Վերջին 20 տարվա ընթացքում Հավայան կղզիների ամենաուժեղ ջրհեղեղը գյուղատնտեսությանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։