Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կոչ է արել օգտագործել ԲՐԻԿՍ-ի ներուժը գլոբալ կառավարման վերակառուցման և բազմակողմայնության նկատմամբ վստահության վերականգնման համար, հաղորդում է Tasnim-ը։

Հնդկաստան կատարած այցից հետո՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու շրջանակում, Արաղչին սոցիալական ցանցերում հայտնել է, որ հանդիպման շրջանակներում անցկացրել է «կառուցողական և օգտակար» երկկողմ հանդիպումներ Հնդկաստանի, Ռուսաստանի, Մալայզիայի, Հարավային Աֆրիկայի, Եգիպտոսի, Բրազիլիայի և Թաիլանդի իր գործընկերների հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ անցկացրել է «երկու արժեքավոր հանդիպում» Հնդկաստանի վարչապետի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ, որոնց ընթացքում նրանք հարցերի մանրամասն քննարկում են ունեցել։

Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում իր ելույթներին՝ Արաղչին նշել է, որ երեք առանձին ելույթներում խոսել է «վերջին պարտադրված պատերազմներում իրանական մեծ ազգի քաջության և հպարտ դիմադրության» մասին։

Նա նաև նշել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը Միացյալ Նահանգների ագրեսիվ և միակողմանի գործողությունները կանխելու հարցում» և ընդգծել, որ Իրանը ձգտում է «ստեղծել մեխանիզմ, որը իսկապես կներկայացնի աշխարհի բոլոր մայրցամաքների և տարածաշրջանների շահերը»։

«Մենք կարծում ենք, որ ԲՐԻԿՍ-ի ներուժը պետք է օգտագործվի գլոբալ կառավարման և բազմակողմայնության նկատմամբ վստահության վերականգնման համար»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1036027