Լիբիա պայթուցիկ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը ժամանակավորապես վայրէջք է կատարել Տրինիդադ և Տոբագոյում, նախքան թռիչքի թույլտվություն ստանալը, հայտնում է Arab News-ը։

Բահամյան կղզիներից ժամանող ինքնաթիռը հինգշաբթի վայրէջք է կատարել Պորտ-օֆ-Սփեյնի Պիարկո միջազգային օդանավակայանում՝ վերալիցքավորման համար, այնուհետև պետք է մեկներ Լիբիա Կաբո Վերդեի միջոցով, ինչը ոստիկանության կասկածներն է առաջացրել։

«Ինքնաթիռի ժամանումից հետո ներգաղթի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այն տեղափոխում էր պայթուցիկ նյութեր, որոնք հայտարարագրված չեն եղել՝ ավիացիայի և անվտանգության ոլորտում սահմանված միջազգային արձանագրություններին համապատասխան,- ասվում է Տրինիդադ և Տոբագոյի Օդանավակայանների վարչության (AATT) հայտարարության մեջ։ - Որոշվել է, որ օդաչուն կամ անձնակազմը չպետք է որևէ պատասխանատվություն կրեն։ Հետևաբար թույլտվությունը տրվել է, և օդանավին ու անձնակազմին թույլ է տրվել մեկնել Տրինիդադ և Տոբագոյից»։

Իր դիմակահանդեսներով և լողափերով հայտնի Տրինիդադ և Տոբագոն՝ փոքր անգլալեզու արշիպելագը, որը գտնվում է Վենեսուելայի ափերից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա, հայտնի է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կենտրոն։ 2021 թվականից ի վեր երկրում հանցավորության պատճառով չորս անգամ արտակարգ դրություն է հայտարարվել։

Source: https://news.am/hy/news/1036009