Առողջապահության նախարարությունն ու ՆԳՆ–ն հաղորդագրություններ են տարածել նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված տղամարդու ինքնասպանության դեպքի մասին։

«Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,– ասել է ՆԳՆ–ն։

Իր հերթին առողջապահության նախարարությունը պարզաբանել է. «Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումներ, սակայն բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել։

Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող բուժառուի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։

Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»։

Source: https://news.am/hy/news/1036021