Չինաստանը «Tiangong» ուղեծրային կայան է ուղարկել արհեստական սաղմեր՝ անկշռության պայմաններում մարդու բազմացման հնարավորությունն ուսումնասիրելու համար, հայտնում է «CCTV» պետական հեռուստաալիքը։

Նախագծի ղեկավար Յու Լեցյանը հայտարարել է, որ փորձի հիմնական նպատակը հասկանալն է, թե ինչպես են ձգողականությունը և դրա բացակայությունն ազդում զարգացման վաղ փուլերի վրա։ Դա հեռանկարում կարող է կարևոր լինել մարդու կողմից տիեզերքի հնարավոր բնակեցման համար։ Ըստ նրա, այս գործընթացների ուսումնասիրությունից հետո գիտնականները կկարողանան մշակել մեթոդներ՝ տիեզերական պայմանների բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։

Նախագիծն իրականացնում է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտը, որտեղ Յու Լեցյանն աշխատում է որպես պրոֆեսոր և հետազոտող՝ ցողունային բջիջների և վերարտադրողական կենսաբանության լաբորատորիայում։ Նա նշել է, որ փորձի խնդիրն է պատասխանել այն հարցին, թե արդյոք մարդիկ սկզբունքորեն կարող են գոյատևել և բազմանալ տիեզերքում՝ հավելելով, որ դրական արդյունքի հույս ունի։

Գիտնականներն ընդգծում են, որ Երկրի վրա կյանքի բոլոր ձևերը զարգացել են ձգողականության ազդեցության տակ, մինչդեռ տիեզերքում գործում են այլ պայմաններ՝ անկշռություն և ռադիացիայի բարձր մակարդակ, ինչը կենսաբանական գործընթացների համար եզակի միջավայր է ստեղծում։

2023 թվականին ճապոնացի հետազոտողներն արդեն նմանատիպ փորձ էին իրականացրել Միջազգային տիեզերակայանում՝ ուղարկելով մկների երկբջիջ սաղմեր։ Այն ժամանակ պարզվեց, որ ձգողականությունն էականորեն չի ազդում բլաստոցիստի ձևավորման վրա (սաղմի զարգացման փուլը բեղմնավորումից 5–6 օր անց)։

Չինական նոր փորձի ժամանակ օգտագործվում են ցողունային բջիջներից ստեղծված արհեստական սաղմեր, որոնք իրենց կառուցվածքով հիշեցնում են մարդկային սաղմերը, բայց ընդունակ չեն զարգանալ վաղ փուլից այն կողմ։ Դրանք «Tiangong» կայան են հասցվել «Tianzhou-10» բեռնատար տիեզերանավով։ Յուրաքանչյուր սաղմի համար առանձնացվել է կուլտիվացման կոնտեյների առանձին խցիկ՝ նմուշների միջև փոխազդեցությունը բացառելու նպատակով։

Զարգացման հետազոտվող շրջանը համապատասխանում է բեղմնավորումից մոտ 14–21 օր անց ընկած ժամանակահատվածին։ Սա այն կարևոր փուլն է, երբ սկսվում է բոլոր հիմնական օրգանների ձևավորումը։ Այս փուլում խանգարումները կարող են հանգեցնել զարգացման լուրջ շեղումների։

Նախկինում այս շրջանը համարվում էր գրեթե անհասանելի ուսումնասիրության համար՝ լաբորատոր պայմաններում սաղմերի հետազոտման 14-օրյա միջազգային սահմանափակման պատճառով, սակայն 2021 թվականին Ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերությունը մեղմացրեց այդ կանոնները՝ խիստ էթիկական փորձաքննության պայմանով։

Փորձի ավարտից հետո նմուշները կսառեցվեն և կվերադարձվեն Երկիր՝ հետագա վերլուծության համար։ Հետազոտության հավելյալ նպատակն է հայտնաբերել այն հիվանդությունները, որոնք կապված են վաղ սաղմնային զարգացման խանգարումների հետ։

Source: https://news.am/hy/news/1036015