16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշել է, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։
«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասել է նա։
Խոսելով շինարարության ներկա փուլի մասին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը մանրամասնել է, որ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Ըստ նրա՝ կարևոր առաջընթաց կա նաև ենթակայանների կահավորման հարցում։ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։
«Աշխատանքները ցածր տեմպերով, բայց շարունակվում էին, իսկ հիմա ավելի ինտենսիվ են ընթանում։ Հենարանների և մալուխների անցկացման հետ կապված տարբեր աշխատանքներ դեռևս չեն ավարտվել, սակայն տրանսֆորմատորների տեղադրումը մոտ ապագայում կավարտվի։ Դրանցից մեկն արդեն Հայաստանում է, մյուսը մոտ ժամանակներս կներկրվի»,– ավելացրել է Աբրահամյանը։
Հարցին` արդյոք մինչև տարեվերջ հնարավոր կլինի ավարտին հասցնել նախատեսված ծավալը, Հովհաննես Աբրահամյանը զգուշավոր կանխատեսում է արել՝ շեշտելով, որ խուսափում է հստակ օր նշելուց՝ հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը։
«Եթե չլինեին Մերձավոր Արևելքի իրադարձությունները, կարող էինք ասել, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն։ Սակայն այս պահին սխալ կլինի վերջնաժամկետներ ամրագրելը»,– ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ռազմավարական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է օրակարգում, և իրանական կողմի հետ տարվող աշխատանքները միտված են նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում եզրափակելուն։
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Ընդ որում, Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։
Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎտ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակներում տարանցման ընդլայնման համար։
Source: https://news.am/hy/news/1035583
Հայաստան
Իրան–Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։