Մայիսի 9-ին Հայաստանում նշվեց Հաղթանակի և խաղաղության օրը։ Պատմության ընթացքում հայ ժողովրդի ավելի քան 500 հազար ներկայացուցիչ մասնակցելով հակաֆաշիստական պատերազմին, կարևոր ներդրում են ունեցել համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակում։ Թայվանի վերադարձը Չինաստանին՝ հանդիսանում է ճապոնական զավթիչների դեմ դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի կարևոր արդյունք, ինչպես նաև հետպատերազմյան միջազգային կարգի կարևոր բաղադրիչ։ Չինաստանի կողմից թայվանյան հարցի լուծումը և լիակատար վերամիավորման իրականացումը համապատասխանում են ժամանակի հրամայականին և միջազգային հանրության ակնկալիքներին։ Այս պատմական գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել։

Թայվանը հնագույն ժամանակներից հանդիսանում է Չինաստանի տարածքի անբաժան մաս։ Մեր թվարկության 230 թվականի Եռաթագավորության ժամանակաշրջանի պատմական աղբյուրներում պահպանվել է Թայվանի վերաբերյալ աշխարհում ամենավաղ տեղեկությունը։ Սուն և Յուան դինաստիաների ժամանակներից սկսած (մոտավորապես XII դարից), Չինաստանի տարբեր դինաստիաների կենտրոնական կառավարությունները վարչական կառավարում են հաստատել Պենհուի և Թայվանի նկատմամբ և արդյունավետ իրականացրել այն։ 1895 թվականից Թայվանը կես դար գտնվել է օկուպացիայի և գաղութային տիրապետության ներքո։

1945 թվականին չին ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում։ «Կահիրեի հռչակագիրը», «Պոտսդամի հռչակագիրը», «Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը» և նման միջազգային իրավական փաստաթղթերը հստակ նախատեսում էին, որ պատերազմից հետո Ճապոնիան պարտավոր է Չինաստանին վերադարձնել նրանից զավթված տարածքները, այդ թվում՝ Թայվանը։ Նույն թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Թայվանի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման» մասին՝ այդպիսով իրավական և փաստացի առումով վերադարձնելով Թայվանը, և նրա կարգավիճակի հարցը վերջնականապես լուծվեց։

1949 թվականին հիմնադրվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որը փոխարինեց Չինաստանի Հանրապետության կառավարությանը և դարձավ ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունը։ Թայվանի հարցը մեկ պետության և մեկ ազգի ներքին գործն է, և անխուսափելիորեն լիովին կլուծվի չին ազգի մեծ վերածննդի իրականացման հետ միասին։

«Մեկ Չինաստանի» սկզբունքը միջազգային կոնսենսուս է և արդարության հրամայական։ 1971 թվականի հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց թիվ 2758 բանաձևը՝ հստակ հաստատելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հանդիսանում է ամբողջ Չինաստանի, այդ թվում՝ Թայվանի, միակ օրինական ներկայացուցիչը։ Դրանով վերջնականապես լուծվեց ամբողջ Չինաստանի, ներառյալ Թայվանի, ներկայացվածության հարցը Միավորված ազգերի կազմակերպությունում։ Դրանից հետո ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Թայվանը հիշատակվում է որպես «Թայվան՝ Չինաստանի նահանգ»։

Այսօր արդեն 183 պետություն՝ «մեկ Չինաստան» սկզբունքի հիման վրա, հաստատել և զարգացնում են դիվանագիտական հարաբերություններ Չինաստանի հետ։ Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ վերահաստատում են իրենց հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին, հստակ հանդես են գալիս «Թայվանի անկախության» ցանկացած ձևի դեմ և հաստատակամորեն աջակցում են Չինաստանի կառավարության ազգային վերամիավորումն իրականացման ջանքերին։

Չինաստանի վերամիավորումը չի վնասի որևէ երկրի օրինական շահերին, այլ ընդհակառակը՝ լրացուցիչ դրական խթան կհաղորդի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի բարգավաճմանն ու կայունությանը, ավելի մեծ ներդրում կունենա Մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցման, ինչպես նաև մարդկության խաղաղության, զարգացման և առաջընթացի գործում։

Թայվանի նեղուցի երկու ափերի վերամիավորումը համապատասխանում է ժողովրդի կամքին և պատմական միտում է։ Միավորման ձգտումը և պառակտմանը հակազդելը չին ազգի հաստատակամ կամքն է։ Չինաստանի կողմից հոկտեմբերի 25-ը որպես Թայվանի վերադարձի հիշատակի օր սահմանելը արտացոլում է չին ազգի բոլոր զավակների, այդ թվում՝ Թայվանի հայրենակիցների, ընդհանուր ձգտումը դեպի հայրենիքի վերամիավորում։

Փաստացի Թայվանի բնակիչների մեծամասնության նախնիները ծագում են մայրցամաքային Չինաստանից, և ամեն տարի մեծ թվով թայվանցի հայրենակիցներ վերադառնում են իրենց նախնիների հայրենիք՝ երկրպագության և հիշատակի արարողություններ կատարելու համար։ 2025 թվականին նեղուցի երկու ափերի միջև ուղևորությունների թիվը հասել է 5,4495 միլիոն մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 23,6%-ով, իսկ երկու ափերի միջև առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 314,33 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը տարեկան կտրվածքով 7,3%-ով ավելի է։

Այս տարվա ապրիլին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը Պեկինում հանդիպեց Գոմինդան կուսակցության նախագահ Ճըն Լիվընի հետ՝ նշելով, որ անկախ միջազգային իրավիճակի և Թայվանի նեղուցում տիրող իրադրության փոփոխություններից՝ չին ազգի մեծ վերածննդի ընդհանուր միտումը կմնա անփոփոխ, ինչպես նաև նեղուցի երկու կողմերում ապրող հայրենակիցների մերձեցման, շփումների և միասնության ձգտումը։ Թայվանի ժողովրդի արմատները մայրցամաքում են, իսկ Թայվանի ապագան՝ վերամիավորման մեջ։

Ցավոք, Թայվանի ներկայիս իշխանությունները՝ Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից, գործում են հակառակ հասարակական կարծիքի հիմնական հոսանքին՝ առաջ մղելով «Թայվանի անկախության» սեպարատիստական գիծը և հանդես գալով միավորման դեմ։ Նրանք հրապարակայնորեն աղավաղում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 2758 բանաձևի բովանդակությունը, տարածում են «Թայվանի անորոշ կարգավիճակի» վերաբերյալ սխալ ընկալումը, փորձում են ընդլայնել այսպես կոչված «միջազգային տարածությունը» և մշտապես դիմում են «ուժի վրա հենվելով անկախություն ձեռք բերման» քաղաքականությանը։

«Թայվանի անկախության» կողմնակիցները հանդիսանում են Թայվանի նեղուցում խաղաղության խաթարման հիմնական պատճառը և տարածաշրջանի լարվածության ու անկայունության գլխավոր աղբյուրը։ Նրանց գործողությունները վնասում են նեղուցի երկու կողմերում ապրող հայրենակիցների ընդհանուր շահերին և չին ազգի հիմնարար շահերին։ Նման ուղին փակուղային է և ապագա չունի։ Հաշվի առնելով, որ Դեմոկրատական առաջադիմական կուսակցության իշխանությունները համառորեն պահպանում են «Թայվանի անկախության» սեպարատիստական դիրքորոշումը, չինական կողմը որոշում է կայացրել այս տարվա մայիսին Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային ասամբլեայում Թայվան տարածաշրջանի մասնակցությանը չհամաձայնելու մասին։

Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 34 տարիների ընթացքում, կողմերը մշտապես հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքներին, ինչպես նաև հաստատակամորեն աջակցել են միմյանց այն հարցերում, որոնք վերաբերում են կենսական կարևոր շահերին։

Անցյալ տարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Հայկական կողմը հաստատակամորեն աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին, վճռականորեն հանդես է գալիս «Թայվանի անկախության» ցանկացած ձևի դեմ և աջակցում է Չինաստանի կառավարությանը՝ ազգային վերամիավորումն իրականացնելու ջանքերին։

Չինական կողմը բարձր է գնահատում այս և պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ, պատշաճ կերպով իրականացնել երկու երկրների առաջնորդների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները։ Այս ամիս Չինաստանը ռոտացիոն հիմունքներով նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և պատրաստ է Հայաստանի և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ միասին պաշտպանել ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և հետպատերազմյան միջազգային կարգը, ինչպես նաև նպաստել ավելի արդար և բարեկեցիկ աշխարհի կառուցմանը։

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյ

Source: https://news.am/hy/news/1035591