Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների լրացուցիչ հաստիքները կարող են համալրվել հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ վերանայվել են նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետների (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան) հաստիքային միավորների քանակը՝ գործող հաստիքացուցակում սահմանված մինչև 4 հաստիքից նվազեցվելով մինչև 1.5 հաստիքային միավորի: Օրինակելի հաստիքացուցակն ուժի մեջ է մտնելու այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Սա նշանակում է, որ սեպտեմբերից նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական լիարժեք ծառայություն կստանան «հարուստ» համայնքի երեխաները, իսկ համեստ միջոցներ ունեցող համայնքների երեխաները կբավարարվեն պարտադիր նվազագույնով:

Հաշվի առնելով խնդրի առնչությամբ մասնագիտական հանրության և ծնողների մոտ առկա լուրջ դժգոհությունները՝ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը՝ ուղղելով հետևյալ հարցերը.

Կառավարության նշված որոշման նախագծի մշակման փուլում արդյո՞ք իրականացվել են հանրային և մասնագիտական քննարկումներ՝ նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ։

Ի՞նչ վիճակագրական տվյալների, հետազոտությունների կամ մեթոդաբանական հիմնավորումների հիման վրա է որոշվել ՆՈՒՀ-երում մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետների հաստիքները նվազեցնել մինչև 1.5 միավորի՝ հաշվի առնելով, որ այն պետք է բավարարի չորս տարբեր մասնագիտական ուղղությունների կարիքները։

Արդյո՞ք սահմանված 1.5 հաստիքային միավորի նվազագույն շեմը համապատասխանում է ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական և զարգացման իրական կարիքներին և միջազգային չափանիշներին։

Ինչպե՞ս է ապահովվելու ԿԱՊԿՈՒ երեխաների իրավունքների պաշտպանությունը և կրթական ծառայությունների մատչելիությունը՝ հաշվի առնելով Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սահմանափակ ռեսուրսները և ՆՈՒՀ-երում նվազեցված հաստիքների պայմաններում մասնագետների ծանրաբեռնվածությունը։

Խնդրում եմ ներկայացնել հաշվարկ կամ մոդել, թե ինչպե՞ս է 1.5 հաստիքային միավորով հնարավոր ապահովել լոգոպեդական, հոգեբանական, հատուկ և սոցիալական մանկավարժական աջակցությունը այն ՆՈՒՀ-երում, որտեղ առկա են ԿԱՊԿՈՒ երեխաներ (գնահատում չանցած կամ գնահատման փուլում գտնվող):

Հաշվի առնելով, որ համայնքները կարող են չունենալ լրացուցիչ միջոցներ՝ ՆՈՒՀ-երում մանկավարժական լրացուցիչ ծառայությունների ապահովման համար, ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթական իրավունքների իրացման համար՝ 1.5 հաստիքային միավորի սահմանափակման պայմաններում։ Խնդրում եմ հստակեցնել՝ արդյո՞ք պետությունը դիտարկում է ֆինանսական աջակցության այլ մեխանիզմներ այն համայնքների համար, որոնք ի վիճակի չեն սեփական միջոցներով ապահովել մասնագետների պակասող հաստիքները։

Հաշվի առնելով ՆՈՒՀ-երի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության ծրագիրը՝ խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք հաստիքների նշված կրճատումները հանդիսանում են այդ ֆինանսավորման աղբյուրը (աղբյուրներից մեկը)։ Ինչպե՞ս եք հիմնավորում ծառայությունների կրճատման և աշխատավարձերի բարձրացման համամասնությունը, և արդյո՞ք հաշվի է առնվել ռիսկը, որ աշխատավարձի հավելումը չի փոխհատուցելու ծանրաբեռնվածության աճը՝ ի վնաս երեխաների կրթական և զարգացման կարիքների։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով շրջանառվել է շահագրգիռ կառույցների շրջանակում և հրապարակվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին կարգի» համաձայն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հաստատության մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:

Համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի շրջանակներում 2025 թվականին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է ստացել 1719 սան: Նշված երեխաների նախադպրոցական անվճար կրթությունը 100%-ով ապահովվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման նկատմամբ գործում է 1-4% բարձրացված չափաքանակ: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ «հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ»:

Նախադպրոցական կրթության ոլորտում ներդրված համընդհանուր ներառական կրթության համակարգի շրջանակում կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ մատուցվում են նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից։ Նախադպրոցական հաստատություններում շարունակելու են գործել մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները՝ համագործակցելով տարածքային, համայնքային և հանրապետական կառույցների հետ։

Համայնքի ավագանին՝ որպես հաստատությունների հիմնադիր, օրենքով լիազորված է սեփական եկամուտների հաշվին սահմանել կառավարության կողմից առաջարկվող բազային շեմից ավելի բարձր դրույքաչափեր: Համայնքների խոշորացման և վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված ֆինանսական նոր հնարավորությունները թույլ են տալիս ավագանուն՝ անկախ հաստիքների թվից, սեփական միջոցներով բարձրացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրության չափը, ինչն էլ նկատելի է որոշ համայնքների դեպքում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն իրականացվում է շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի՝ տարակարգի շնորհման (մեթոդիստների, դաստիարակների, երաժշտության դաստիարակների և ֆիզիկական կուլտուրայի հրահանգչների դեպքում) և կամավոր ատեստավորման (հոգեբանների և հատուկ մանկավարժների դեպքում) միջոցով: Նշված ծրագրերն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսական հատկացումների հաշվին»,- ասված է նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի պատասխանում:

Ստացված պատասխանից կարելի է եզրակացնել, որ Կառավարության N 1485-Ն որոշմամբ սահմանված 1.5 հաստիքային միավորը դիտարկվում է որպես «պարտադիր նվազագույն»: Սա նշանակում է, որ պետությունը երաշխավորում է միայն բազային սպասարկում՝ անկախ հաստատությունում ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների թվից կամ կարիքների բազմազանությունից (հոգեբան, լոգոպեդ, սոցիալական և հատուկ մանկավարժ):

Նախարարությունը հստակ նշում է, որ լրացուցիչ հաստիքների համալրումը թողնված է հիմնադրի (համայնքի) հայեցողությանը: Սակայն հարկ է նկատել, որ թեև համայնքների խոշորացումը ներկայացվում է որպես «ֆինանսական նոր հնարավորություն», այն չի երաշխավորում հավասարաչափ զարգացում: Փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ երեխայի՝ որակյալ մասնագիտական աջակցություն ստանալու իրավունքը ուղղակիորեն կախվածության մեջ է դրվում տվյալ համայնքի բյուջետային եկամուտներից, ինչը կարող է հանգեցնել խտրական դրսևորումների՝ «հարուստ» և «աղքատ» համայնքների միջև:

Նկատենք նաև, որ պատասխանում բացակայում է հստակ մեթոդաբանական հիմնավորումը, թե ինչպես է 1 հաստիքը (նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ ևս 0,5 միավոր) բավարարելու չորս տարբեր մասնագիտական ուղղությունների (լոգոպեդ, հոգեբան և այլն) պահանջները: Ընդ որում, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ 1 հաստիքը պետք է սպասարկի նաև այն երեխաներին, որոնք ունեն զարգացման հապաղումներ, բայց դեռ գնահատված չեն (կամ գնահատման փուլում են):

Փոխարենը նախարարությունը հղում է անում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին (ՏՄԱԿ), որոնք, սակայն, գործում են ՆՈՒՀ-երից դուրս և չեն կարող ապահովել առօրյա, շարունակական ներառական միջավայրը:

Այսպիսով՝ ստացված պատասխանից կարելի է եզրակացնել, որ պետությունը որդեգրել է նախադպրոցական կրթության ոլորտում «նվազագույն պարտավորությունների» քաղաքականություն՝ լիարժեք մասնագիտական ծառայությունների ապահովման ֆինանսական և կազմակերպչական պատասխանատվությունը դնելով համայնքների վրա:

Լոգոպեդ Հասմիկ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով վերջերս դիմել է թե՛ կառավարությանը և թե՛ Երևանի քաղաքապետարանին, սակայն ստացված պատասխանները մտահոգիչ են: Մասնավորապես Երևանի քաղաքապետին ուղղված դիմումում Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրճատվում նեղ մասնագետների հաստիքները՝ հաշվի առնելով, որ 2 տարի է՝ ներառական կրթությունը պարտադիր է նաև այս հաստատություններում, և բացի ԿԶԱՊԿՈւ երեխաներից, աջակցության կարիք ունեն այլ խոսքային խանգարումներով բավականին շատ երեխաներ, ովքեր գնահատման ենթակա չեն (կան մանկապարտեզներ, որտեղ այդ թիվը անցնում է 30-ը): Գրիգորյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը միայն ՆՈՒՀ հաճախող ԿԶԱՊԿՈւ երեխաների թվաքանակը ճշտել հաստատություններից և անտեսել մնացյալ երեխաների կարիքները, որոնք ևս ամբողջ տարվա կտրվածքով աջակցություն են ստանում ՆՈՒՀ-ի հաստիքային լոգոպեդի կողմից:

Քաղաքապետարանից մասնագետին պատասխանել են, որ դաստիարակի պաշտոնային պարտականություններում նախատեսված է իրականացնել երեխաների խոսքի և հաղորդակցական զարգացման մշտադիտարկում, վաղ փուլում հայտնաբերել խոսքի զարգացման հնարավոր խանգարումների կամ շեղումների նախանշանները և անհրաժեշտության դեպքում երեխային ուղղորդել համապատասխան մասնագետի:

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ երբ հանդիպել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի ներկայացուցչի հետ, վերջինս պարզաբանել է, որ մայիսից ՆՈՒՀ-երի բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման արդյունքում համայնքային բյուջեն չի կարող ապահովել նեղ մասնագետների հաստիքների պահպանումը։

Մասնագետը ցավով արձանագրեց, որ մեր երկրում նման կարևորագույն որոշումները կայացվում են հապճեպ, առանց խորքային վերլուծության, և դրանց հետևանքները կրում է հասարակությունը՝ տվյալ դեպքում մանկապարտեզ հաճախող երեխաները, մինչդեռ, ըստ նրա՝ մասնագիտական ոլորտում պետք է կայացվեն երեխայակենտրոն որոշումներ, իսկ բյուջեն «խնայել» մի ոլորտում, որտեղ առաջնային պետք է լինեն երեխայի կարիքներն ու շահերը, անընդունելի է:

Իսկ ինչ վերաբերում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) կողմից մանկապարտեզներում իրականացվող ծառայություններին, ապա Գրիգորյանի խոսքով՝ դրանք անգամ բավարար ռեսուրսներ չունեն արդեն իսկ գնահատված երեխաներին պատշաճ աջակցություն ցույց տալու համար, ուր մնաց թե արագ արձագանքեն դաստիարակների նկատած խնդիրներին: Բացի այդ, գնահատման գործընթացը հաճախ ամիսներ է տևում, ինչի հետևանքով երեխաների մոտ առկա խնդիրներն ավելի են խորանում:

«Եթե ներառական կրթությունը պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում (դպրոց, մանկապարտեզ), և երեխան օրվա մեծ մասն անցկացնում է այնտեղ, ինչո՞ւ են կրճատվում նեղ մասնագետների, մասնավորապես՝ լոգոպեդների հաստիքները նախ դպրոցներում, իսկ այժմ էլ՝ մանկապարտեզներում։ Չէ՞ որ կան զարգացման այնպիսի հապաղումներ, այդ թվում՝ խոսքային խանգարումներ, որոնք կարող է ժամանակին նկատել և արդյունավետ հաղթահարել միայն հաստատությունում ամենօրյա աշխատանք իրականացնող նեղ մասնագետը»,- նշեց Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ մասնագիտական հանրության և ծնողների բարձրացրած մտահոգությունների ու բողոքի ալիքից հետո կառավարությունը, ամեն դեպքում, կվերանայի իր այս որոշումը՝ առաջնորդվելով բացառապես երեխաների լավագույն շահերով:

Source: https://news.am/hy/news/1035636