Իռլանդացի հետազոտողները Հռոմի Ազգային գրադարանում պահվող միջնադարյան ձեռագրի թվային տարբերակում հայտնաբերել են անգլիական պոեզիայի պահպանված հնագույն նմուշը՝ «Քեդմոնի հիմնը» (Caedmon’s Hymn) պոեմը․ գրում է Associated Press-ը։

Ինչպես հայտնել է Դուբլինի Թրինիթի քոլեջի հետազոտող Էլիզաբեթ Մանյանտին, գտածոն անսպասելի էր․ տեքստը ներառված է եղել ձեռագրի հիմնական լատիներեն բնագրում, այլ ոչ թե ավելացվել է լուսանցքներում, ինչպես ավելի վաղ հայտնի տարբերակներում։ Ըստ նրա, դա «արտասովոր էր» և մեծ զարմանք է պատճառել թիմին։

7-րդ դարում հին անգլերենով ստեղծված պոեմը վերագրվում է Քեդմոնին։ Ըստ ավանդության՝ նա Նորթումբրիայի սովորական մի աշխատող էր, որը, չկարողանալով բանաստեղծություններ հորինել, հիմնը ստեղծել է կրոնական տեսիլքից հետո։ Տեքստը ներառված է վաղ միջնադարի առանցքային տարեգիրներից մեկի՝ Բեդա Պատվելու հեղինակած «Անգլերի ժողովրդի եկեղեցական պատմության» մեջ։

Հայտնաբերված ձեռագիրը թվագրվում է 9-րդ դարով և համարվում է այս աշխատության ամենավաղ օրինակներից մեկը։ Մինչև այս հայտնի ամենահին օրինակները մոտավորապես 12-րդ դարի էին, ինչն այս փաստաթուղթը դարձնում է շուրջ երեք դարով ավելի հին։

Գիտնականները նշում են, որ այս բացահայտումն էապես ընդլայնում է պատկերացումները վաղ միջնադարում անգլերենի տարածման և այն մասին, թե 9-րդ դարում արդեն որքան մեծ նշանակություն էին տալիս դրան։

Ըստ հետազոտողների, ավելի վաղ օրինակներում «Քեդմոնի հիմնը» հանդիպում էր միայն որպես ուշ շրջանի հավելում՝ լուսանցքներում կամ գրիչների ներդիրների տեսքով։ Այս դեպքում տեքստը հիմնական բովանդակության մաս է կազմում։

Ձեռագիրը ստեղծվել է Հյուսիսային Իտալիայում գտնվող Նոնանտոլայի բենեդիկտյան աբբայության սկրիպտորիումում, որը միջնադարում տեքստերի արտագրման կարևոր կենտրոններից էր։ Հետագայում մանուսկրիպտը բազմիցս տեղափոխվել է վանքերի, հավաքածուների և մասնավոր տիրույթների միջև, այդ թվում՝ հայտնի հնաոճ իրերի մասնագետների և գրադարանավարների ձեռքում, մինչև 20-րդ դարում հայտնվել է Հռոմում։

Հետազոտողները նշում են, որ տեքստը երկար ժամանակ գրեթե ուսումնասիրված չի եղել, քանի որ ձեռագիրը թերի է կատալոգացվել և հազվադեպ է գրավել մասնագետների ուշադրությունը։ Միայն գրադարանի կողմից հավաքածուի թվայնացումից և թվային պատկերների հասանելիությունից հետո գիտնականները կարողացել են մանրամասն վերլուծել այն։

Այժմ ձեռագիրը գտնվում է Հռոմի Ազգային գրադարանում, իսկ դրա թվայնացման նախագիծը նյութերը հասանելի է դարձնում հետազոտողների համար ողջ աշխարհում։ Գիտնականները կարծում են, որ նմանատիպ գտածոները կարող են հանգեցնել նոր բացահայտումների այլ քիչ ուսումնասիրված մանուսկրիպտներում։

Source: https://news.am/hy/news/1036028