Զինված տղամարդը Թուրքիայի հարավային մասում սպանել է վեց մարդու և վիրավորել ևս ութին, հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ հանցագործի որոնումները շարունակվում են։

Էրդողանը զոհերի թիվը հայտնել է հեռուստաուղերձի ժամանակ և ցավակցություն հայտնել, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել Մերսին քաղաքի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին։

Պետական Anadolu գործակալությունը և Sabah պարբերականը հաղորդել են, որ որոնվող կասկածյալը 37-ամյա մի տղամարդ է, որն, ըստ նախնական տվյալների, նախ կրակել և սպանել է իր նախկին կնոջը, իսկ հետո իրականացրել հարձակումների շարք։

DHA և IHA գործակալությունների տվյալներով՝ տղամարդը կրակ է բացել ռեստորաններից մեկում՝ սպանելով դրա սեփականատիրոջն ու աշխատակցին, որից հետո դիմել է փախուստի և գնդակահարել ևս երկու տղամարդու՝ ռեստորանի մոտակայքում իր անասուններին հսկող մի հովվի և մի բեռնատարի վարորդի։

Հրաձգությունը տեղի է ունեցել Տարսուսի շրջանում՝ Մերսինից մոտ 40 կմ դեպի հյուսիս-արևելք, ինչից հետո ոստիկանությունը հրաձիգին գտնելու նպատակով ուղղաթիռների ներգրավմամբ լայնածավալ գործողություն է սկսել։

«Նա ներս մտավ՝ ոչինչ չասելով... Մենք կարծում էինք, թե հեռախոսն է հանում, բայց նա ատրճանակ հանեց,- IHA գործակալությանը հայտնել է ռեստորանի աշխատակից Մեհմեդ Հան Թոփալը, որը վիրավորվել է ոտքից:- Ես վայր ընկա։ Նա կրակեց ինձ վրա»,- հավելել է նա։

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայում դեռահասների մասնակցությամբ հրաձգության երկու դեպքերից մեկ ամիս անց։

Առաջին հարձակման ժամանակ վիրավորվել էր 16 մարդ, երկրորդի ժամանակ՝ զոհվել 10 հոգի, որոնց մեծ մասը դպրոցականներ էին։

Թուրքական հասարակական կազմակերպության տվյալներով՝ երկրի քաղաքացիների ձեռքին առկա են տասնյակ միլիոնավոր միավոր հրազեն, որոնց զգալի մասը՝ առանց թույլտվության։

Source: https://news.am/hy/news/1036422