ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից ակնկալում է «լիովին ճիշտ» պատասխան հնարավոր գործարքի վերաբերյալ, այլապես Վաշինգտոնը պատրաստ կլինի հետագա գործողությունների։

«Մենք պետք է լիովին ճիշտ պատասխաններ ստանանք։ Դրանք պետք է ամբողջական լինեն, 100%-ով լավ պատասխաններ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ իրավիճակի դրական զարգացման դեպքում հնարավոր կլինի խուսափել ժամանակի և կյանքերի կորստից։ Նա նշել է նաև, որ Իրանի հետ բանակցային գործընթացը «սահմանային» փուլում է։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի պատասխանին սպասել ևս մի քանի օր, սակայն առաջընթացի բացակայության դեպքում իրադարձությունները կարող են արագ զարգանալ։

Նույն օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի շտապում որոշումներ ընդունել Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով տարածաշրջանում նավագնացության ազատության պահպանման և նեղուցի շուտափույթ բացման անհրաժեշտությունը։

Source: https://news.am/hy/news/1037069