Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցցանցում պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բովանդակալից զրույցի մասին։

Զելենսկու խոսքով՝ նրանց հաջողվել է քննարկել բազմաթիվ հարցեր։

«Ես շնորհակալություն հայտնեցի Էմանուելին մեր քաղաքների և բնակավայրերի դեմ ռուսական հարձակումները սկզբունքորեն դատապարտելու համար։ Այդ հարվածները հստակ ցույց են տալիս, թե ինչ է Ռուսաստանը, և ինչու է մեզ բոլորիս անհրաժեշտ ամրապնդել մեր հավաքական պաշտպանությունը բոլոր սպառնալիքներից։ Ֆրանսիան պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ։ Սա վճռական որոշում է և կարևոր քայլ։ Մենք նաև քննարկել ենք հենց հիմա ռուսական հարձակումները հետ մղելու մեր հնարավորությունների ուժեղացումը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու պատրաստակամության համար։ Մենք նաև խոսել ենք եվրոպական ուղղության և մոտ ապագայում բոլոր բանակցային խմբերի բացման մասին։

Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային և հասկանում է, թե որքան կարևոր է այս քայլը բոլոր ուկրաինացիների համար։ Էմանուելն ինձ տեղեկացրել է աֆրիկյան երկրներ իր այցի մասին։ Մենք քննարկել ենք այս ուղղությամբ համատեղ համակարգման կարևորությունը, քանի որ դա պակաս կարևոր չէ Ուկրաինայի համար։ Մենք պայմանավորվել ենք մոտ ապագայում մեր շփումների վերաբերյալ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Source: https://news.am/hy/news/1035942