Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են վեց մարդու, որոնց կասկածում են Էյֆելյան աշտարակի վրա առանց թույլտվության Պաղեստինի դրոշը կախելու մեջ, հայտնել է AFP-ն։

Կլիմայի փոփոխության համար պայքարող Extinction Rebellion France շարժման ակտիվիստների մի խումբ ստանձնել է ուրբաթ կեսօրին աշտարակի առաջին հարկում մեծ դրոշ կախելու պատասխանատվությունը։

Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ կերպ իրենք պաղեստինցիներին «աջակցության ազդանշան» են հղում՝ Իսրայելին մեղադրելով Գազայում «զանգվածային սպանություններ» իրականացնելու, ինչպես նաև «էկոցիդի» մեջ, այդ թվում՝ պաղեստինյան հողում ձիթենու ծառերն արմատախիլ անելու համար։

Ակցիան նվիրված էր Նաքբայի օրվան՝ նվիրված 1948 թվականին պաղեստինցիների տեղահանությանը Իսրայելի ստեղծման ժամանակ։ Իսրայելի և Պաղեստինի դրոշները, ինչպես նաև աղավնու և ձիթենու ճյուղի խաղաղության պատկերները սեպտեմբերին ցուցադրվել էին Էյֆելյան աշտարակի վրա՝ Ֆրանսիայի կողմից պաղեստինյան պետությունը ճանաչելու նախաշեմին։

2023 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մահաբեր հարձակումներ իրականացրեց Իսրայելի դեմ, որոնք Գազայում պատերազմ հրահրեցին, աշտարակի վրա հայտնվել էր իսրայելական դրոշը։

Իսրայելական պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հավաքել է AFP-ն, 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 1 221 մարդ՝ հիմնականում քաղաքացիական անձինք։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ի պատասխան իրականացված իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան տարածքում զոհվել է ավելի քան 72 700 մարդ՝ նույնպես հիմնականում խաղաղ բնակիչներ։

Source: https://news.am/hy/news/1035952