Մայիսի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռյազանի «արդյունաբերական ձեռնարկություններից մեկի» վրա, հայտնել է Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովը։ Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր, որոնց վրա ընկել են խոցված դրոնների բեկորները։ «Զոհվել է երեք մարդ, ևս տասներկուսը տուժել է, այդ թվում՝ երեխաներ։ Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Ընթանում է վնասված կառույցների ապամոնտաժումը։ Կազմակերպվել է բնակիչների տարհանումը», — գրել է Մալկովը թելեգրամ-ալիքում։

Ականատեսների լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ հարձակումից հետո քաղաքի երկնքում բարձրացել են սև ծխի մի քանի սյուներ։ Ինչպես նշել է ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը, դրոնների թիրախը եղել է «Ռոսնեֆտ»-ին պատկանող Ռյազանի նավթավերամշակման գործարանը (ՌՆՎԳ)։ Սա Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկն է, որի հզորությունը կազմում է տարեկան շուրջ 17 մլն տոննա նավթ։ ՆՎԳ-ն արտադրում է բոլոր տեսակի ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին, մազութ, հեղուկացված գազ, բիտում և նավթաքիմիական հումք։ Ավելի վաղ գործարանը բազմիցս ենթարկվել էր ուկրաինական հարվածների։ 2025 թվականի նոյեմբերին այն դադարեցրել էր աշխատանքը հրդեհից հետո։

Այս տարվա գարնան սկզբից ի վեր արդեն յոթ ռուսական նավթավերամշակման գործարան դադարեցրել է նավթի վերամշակումը ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով։ Մասնավորապես, մարտի 21-ին շարքից դուրս է եկել Սարատովի նավթավերամշակման գործարանը, ապրիլի 5-ին՝ «Նիժեգորոդնեֆտեօրգսինտեզ»-ը, ապրիլի 16-ին՝ Տուապսեի նավթավերամշակման գործարանը, ապրիլի 18-ին՝ Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը, ապրիլի 22-ին՝ Սիզրանի նավթավերամշակման գործարանը, մայիսի 5-ին՝ «Կիրիշինեֆտեօրգսինտեզ»-ը, իսկ մայիսի 7-ին՝ «Պերմնեֆտեօրգսինտեզ»-ը։

Source: https://news.am/hy/news/1035613