Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է համայնքային հողերը տարիներ շարունակ օրենքի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով օտարելու մեջ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ տարածելով Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։
Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։
Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8,5 միլիոն դրամ։
Ըստ դատախազության՝ այս գործունեության հետևանքով համայնքին պատճառվել է 26մլն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին, ևս մեկ աշխատակցուհու։
Արամ Դանիելյանն ու Մյասնիկ Կոստանյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու համար, իսկ Դանիելյանի կինը, եղբայրներն ու համայնքապետարանի աշխատակցուհին՝ հանցանքների օժանդակելու համար։
6 մեղադրյալներն էլ ներկայացված մեղադրանքը չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։
Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը։
2022թ․ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Բռնագանձման պահանջը ներառում էր 11 անշարժ գույք, 2 ՍՊԸ-ներում մասնակցություն, ավելի քան 156,6 մլն դրամ։
Source: https://news.am/hy/news/1035644
Արհեստական բանականություն
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։