Ռուս ուղղափառ եկեղեցու քահանաները Տիրամոր սրբապատկերը ձեռքներին շրջել են Պերմ քաղաքով՝ այն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին տեղի նավթամղման կայանին և նավթավերամշակման գործարանին։ Թեմից «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել են, որ Պերմի շուրջ մեքենաներով «խաչերթը» տեղի է ունեցել մայիսի 12-ին. ընթացքում քահանաները կանգ են առել «առանցքային կետերում» և աղոթել։ Աստվածասիրական արարողությունը գլխավորել է մետրոպոլիտ Մեֆոդին։ «Վերջին շրջանում մեր քաղաքում մի քանի անգամ անօդաչուների հարձակման տագնապ է հայտարարվել, և այս պատուհասից ազատվելու համար Պերմի թեմի առաջնորդը համատեղ աղոթք է անցկացրել»,- պարզաբանել են թեմից։

Պերմ քաղաքը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին անգամ քաղաքին հարված է հասցվել ապրիլի 29-ին։ Թիրախում հայտնվել էր նույնանուն արտադրական-դիսպետչերական կայանը, որը պատկանում է «Տրանսնեֆտ»-ի համակարգին և օգտագործվում է մայրուղային խողովակաշարերով նավթի մղման, պահպանման ու բաշխման համար։ Բռնկված հրդեհը տարածվել էր 380 հազար խորանարդ մետր տարողությամբ և 10 ջրամբարներից բաղկացած համալիրի վրա։ Դրա հետևանքով քաղաքում «նավթային անձրև» էր տեղացել։ Իսկ ապրիլի 30-ին հարձակման էր ենթարկվել «Լուկոյլ»-ին պատկանող «Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, որը ունի տարեկան 17 միլիոն տոննա հզորություն և Ռուսաստանում յոթերորդն է իր ծավալներով։ Այս հարվածից հետո ձեռնարկությունը մասնակիորեն դադարեցրել էր աշխատանքը, իսկ մայիսի 7-ի նոր հարվածն արդեն ամբողջությամբ կաթվածահար է արել գործարանի գործունեությունը։

Source: https://news.am/hy/news/1036466