Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա գագաթաժողովը և վերադարձել ԱՄՆ։ Որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ՝ լինի առևտրային հարաբերությունների, թե Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ, չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես են նրանք ընդհանուր առմամբ գնահատում իրենց հարաբերությունները, գրել է The Wall Street Journal-ը․ «Գագաթաժողովի երկրորդ օրը դարձավ փորձություն, թե արդյոք բանակցությունները կարող են հանգեցնել կոնկրետ գործարքի կնքման։ Թրամփի՝ Պեկինից մեկնելու պահին այն այդպես էլ չէր առարկայացվել»։
Անցյալ հոկտեմբերին Թրամփն ու Սին կնքել էին առևտրային հրադադար մի շարք բախումներից հետո, որոնց ընթացքում կիրառվել էին ավելի քան 100 տոկոս ներմուծման մաքսատուրքեր, ամերիկյան չիպերի արտահանման սահմանափակումներ Չինաստան և Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների փաստացի արգելք։ Այն ժամանակ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել էին մեկ տարով հետաձգել արմատական միջոցները և այդ ընթացքում փորձել հասնել համապարփակ առևտրային համաձայնագրի։ Սակայն Պեկինում բանակցությունների արդյունքներով դրա նշաններ չեն երևացել։ Թրամփը Սիին հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Վաշինգտոն։ Վերլուծաբանների կարծիքով՝ գործնականում նման այցի հեռանկարը Պեկինին թույլ կտա ԱՄՆ-ից ստանալ որոշ կարևոր որոշումների հետաձգում, առաջին հերթին՝ Թայվանին զենքի մատակարարումների վերաբերյալ։
«Ընդհանուր առմամբ, գագաթաժողովը նվազեցնում է անհապաղ բացասական ցնցման ռիսկը, բայց չի վերացնում ավելի խոր կառուցվածքային խնդիրները, ներառյալ գնաճային ճնշումը, աշխարհաքաղաքական ռիսկերը և լարվածությունն Իրանի հետ հարաբերություններում», — նշել է Saxo Markets-ի գլխավոր ներդրումային ստրատեգ Չարու Չանարան։
Կողմերի խնամքով ձևակերպված հայտարարություններից երևում է, թե ինչպես է Սին մտադիր իրեն պահել մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, նշել է WSJ-ն՝ ստիպել նրան հրապարակայնորեն պարտավորվել զսպվածություն ցուցաբերել․ ոչ մի անսպասելի մաքսատուրք, ոչ մի հանկարծակի պատժամիջոց, ոչ մի գործողություն, որը Պեկինը կարող է ընկալել որպես սադրանք իր այսպես կոչված «կարմիր գծերի» նկատմամբ։
Գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները Սպիտակ տան հաշվետվությունում ներկայացվել են որպես բիզնեսի համար շահավետ առևտրային հարաբերությունների վերագործարկում։ Մինչդեռ Պեկինը դրանք բնութագրել է որպես բազմամյա «ռազմավարական կայունության» համակարգ ստեղծելու առաջին քայլ՝ այդ կերպ արտացոլելով Սիի ձգտումը՝ ապահովել Թրամփի ավելի կանխատեսելի վարքագիծը նախագահի պաշտոնում։
Թրամփն ուրբաթ օրը Սիի հետ մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը Իրանի հետ պատերազմի դադարեցման հարցում հետապնդում են ընդհանուր նպատակներ, մինչդեռ Պեկինը հանդես է գալիս ավելի զուսպ՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական ջանքերը, նշել է Bloomberg-ը։ Թրամփի խոսքով՝ երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, և որ անհրաժեշտ է բացել Հորմուզի նեղուցը նավարկության համար։ Մինչդեռ Չինաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծել երկխոսության ընթացքում։
Fox News-ի հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ Սին իրեն ասել է, թե Չինաստանը «մտադիր չէ զենք մատակարարել» Թեհրանին։ Նրա պնդմամբ՝ Սին «կցանկանար, որ [Իրանի հետ] գործարքը կայանա» և առաջարկել է իր օգնությունը։ Սակայն գործնականում Չինաստանը որևէ նշան ցույց չի տալիս, թե կարող է դադարեցնել իրանական նավթի գնումները, որոնք օգնում են «ջրի երեսին մնալ» այն տնտեսությանը, որը Վաշինգտոնը փորձում է խեղդել պատժամիջոցներով, նշել է WSJ-ն։
Վերլուծաբանները նաև նշել են, որ Պեկինը փորձում է Թայվանի հարցը հստակ կապել երկկողմ հարաբերությունների հետ։ Սին այն բարձրացրել է առաջիններից մեկը, եթե ոչ հենց առաջինը, Թրամփի հետ հանդիպման մեկնարկից հետո։ Եթե կղզու պատկանելության հարցը լուծվի «պատշաճ կերպով», Չինաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը, չինական առաջնորդի խոսքերը՝ ասված փակ հանդիպման ժամանակ, փոխանցել է «Սինհուա» պետական գործակալությունը։ «Եթե ամեն ինչ կարգավորվի սխալ կերպով, ապա երկու երկրների միջև կարող են առաջանալ բախումներ կամ նույնիսկ հակամարտություն, ինչը չին-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ կդնի շատ վտանգավոր իրավիճակի մեջ», — պարզաբանել է Սին։
Source: https://news.am/hy/news/1035641
Աշխարհ
The Wall Street Journal․ Թրամփը հեռացել է Պեկինից՝ առանց Սի Ծինփինի հետ գործարքի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։