Կիևի իշխանությունները մայիսի 15-ը սգո օր են հայտարարել ի հիշատակ քաղաքի Դառնիցկի շրջանում բնակելի տանը հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհվածների, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 24 մարդ, որոնցից երեքը երեխաներ են։ Ինը հարկանի շենքի մի մասը փլուզվել է։ Ավելի քան 28 ժամ տեղում իրականացվել է որոնողափրկարարական գործողություն, որի ընթացքում մարդկանց դուրս են բերել փլատակների տակից։ Ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 30 մարդու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ բնակելի բազմահարկ շենքինհարվածը հասցվել է X-101 դասի «օդ-երկիր» թևավոր հրթիռով, որը, ըստ մակնշման, արտադրվել է բոլորովին վերջերս։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս, շրջանցելով պատժամիջոցները, ստանում է բաղադրիչներ և սարքավորումներ», - նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և հիշեցրել է, որ հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը նման հարվածներից։ Ուկրաինան նաև պահանջել է հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ ռուսական հարձակումների կապակցությամբ։ Այն նշանակված է առաջիկա երեքշաբթի։
Մայիսի 14-ի գիշերը ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայի դեմ իրականացրել են համակցված հրթիռա-դրոնային հարված։ Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ներգրավված են եղել 56 հրթիռ և 675 անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 41 հրթիռ և 652 դրոն։ Հիմնական թիրախը Կիևն էր։ Հարձակումը տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբայինն էր։ Մինչ այդ կիրառված խոցման միջոցների թվով ամենախոշոր հարվածը ռուսական բանակը հասցրել էր մարտի 24-ին՝ օգտագործելով 36 հրթիռ և 392 անօդաչու թռչող սարք։
Վերջին անգամ ռուսական գնդակոծությունն ուկրաինական մայրաքաղաքում բարձրահարկ բնակելի տան փլուզման էր հանգեցրել անցյալ տարվա հունիսի 17-ին։ Այն ժամանակ բազմահարկ շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր 14 մարդ։ Դրանից հետո, հունիսի վերջին և սեպտեմբերին, հարվածներն ավարտվել էին հինգ հարկանի տների մասնակի փլուզմամբ։
Source: https://news.am/hy/news/1035615
Աշխարհ
Կիևում սուգ է հայտարարվել ինը հարկանի շենքին ռուսական հրթիռի հարվածից հետո 24 մարդու մահվան կապակցությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։