Մենք գյուղերում պետք է խրախուսենք բազմազավակությունը, որպեսզի ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն։ Մենք պետք է շատանանք։ Մենք պետք է շատանանք մարզերում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Արմավիրում ելույթի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Ըստ նրա, սա չափազանց կարևոր նշանակություն ունի, և «Միասնության թևեր» կուսակցությունը բազմազավակ ընտանիքների համար մշակել է կարևորագույն ծրագրեր։

Այն պահից սկսած, երբ ընտանիքում ծնվում է չորրորդ երեխան, պետությունը պետք է աջակցի այդ ընտանիքին և մարզում այդ մարդուն բնակարան, տուն փոխանցի։

Եվ այդպես՝ անվերջ, յուրաքանչյուր երեխայի համար։ Հինգերորդ երեխա՝ ևս մեկը, վեցերորդը՝ ևս մեկը»,- ընդգծել է Արման Թաթոյանը։

«Ես հարց եմ տալիս՝ կարո՞ղ ենք մենք մեզ թույլ չտալ դա, եթե այս իշխանությունը խոստացել էր 2050 թվականին ունենալ 5 միլիոն բնակչություն, իսկ 2050 թվականին մեզ մոտ 65 և բարձր տարիքի մարդկանց թիվը կկազմի մոտ 25%։

Եթե այս թվից հանենք երեխաներին, անաշխատունակ, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն, կտեսնեք, թե որքան մեծ բեռ է ընկնում աշխատողների վրա՝ երկրի պահպանման տեսանկյունից։ Հետևաբար մեզ պետք են շատ ընտանիքներ, շատ երեխաներ, տաղանդավոր երեխաներ։

Եվ բացի այդ, պետությունը պետք է աջակցի մարդկանց նաև կրթության հարցում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Source: https://news.am/hy/news/1036070