Այսօր Արմավիրում ամենագլխավոր հարցերից մեկը գյուղացիների պաշտպանվածության աստիճանի հարցն է։ Սրանք մարդիկ են, որոնք մշակում են հողը, որոնք իրենց ընտանիքներին ապահովում են ամենօրյա ծանր աշխատանքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Ըստ քաղաքական գործչի, այսօր այնպես է ստացվել, որ գյուղի բնակիչը գոյություն ունեցող համակարգի պատճառով ի սկզբանե պարտված է լինում։
«Եվ համակարգն ի սկզբանե անարդար է, որովհետև գյուղացին մշակում է բերքը, բայց, օրինակ, չգիտի, թե ինչ գնով է այն վաճառելու։
Նա մշակում է բերքը և չգիտի, թե ինչ արդյունք է ստանալու, իսկ եթե արդյունքը ստանալիս որակը վատ լինի, պետությունը կաջակցի՞ իրեն։
Պետությունը նրան չի աջակցում»,- ընդգծեց Թաթոյանը։
Ըստ Թաթոյանի, բերքի իրացման համար ֆերմերը սկսում է բարդ փնտրտուքներ՝ դիմում է խոշոր կազմակերպություններին, մերժում է ստանում նրանցից, նրանք էլ ներկայացնում են իրենց պատճառները։
«Բայց ի՞նչն է այստեղ կարևոր։ Պետությունը պետք է աջակցի գյուղացուն, որովհետև գյուղաբնակի աշխատանքն ու բերքը մեր անվտանգության բաղադրիչներն են։ Ես մտածում եմ՝ մենք Երևանում, քաղաքներում ի՞նչ ենք անելու, եթե չլինի գյուղացու աշխատանքը»,- ընդգծեց Թաթոյանը։
Հենց այդ պատճառով, ըստ նրա, ինչպիսի պետություն էլ կառուցվի, եթե ֆերմերի աշխատանքը բարձր գնահատականի չարժանանա, երկիրը չի կարողանա ապահովել իր իրական անվտանգությունը։
Նա նաև նշել է ոռոգման խնդրի լուծման կարևորությունը։
Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի գյուղերի բնակիչները ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունենան։
«Մենք նախատեսել ենք հստակ ծրագիր, հստակ քայլեր․ ոռոգման ջրի հետ կապված պետք է լինեն ընդամենը խորհրդանշական գումարներ, որովհետև ո՞րն է նպատակը։ Եթե դու գյուղացուն ջրով չես ապահովում, նա կրկին ամբողջ տարի տառապելու է և արդյունքում չի իմանալու, թե ինչ բերք կստանա»,- ընդգծել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդը։
Հենց այս նպատակով, ըստ Թաթոյանի, քաղաքական ուժը նախատեսել է, որ մինչև կես հեկտար հող ունեցող գյուղացիների համար ողջ սեզոնի ոռոգման ջուրը պետք է կազմի 500 դրամ, 1 հեկտար ունեցողների համար՝ 1000 դրամ, 2 հեկտար ունեցողների համար՝ 2 000 դրամ, իսկ 2 հեկտարից ավելի ունեցողների համար՝ 2 000 դրամ։
Source: https://news.am/hy/news/1036064
Armenia
Արման Թաթոյանը՝ Արմավիրում․ Մենք ֆերմերներին աջակցելու հստակ ծրագիր ենք նախատեսել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։