Դոնալդ Թրամփի վարչակազմը պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի թարմացված առաջարկը անբավարար է համարել և զգուշացրել, որ Թեհրանի լուրջ զիջումների բացակայությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։

Ինչպես գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, իրանական կողմը համաձայնագրի նոր տարբերակը փոխանցել է պակիստանցի միջնորդների միջոցով կիրակի երեկոյան։ Սակայն Սպիտակ տանը փաստաթուղթը նախորդ առաջարկի միայն չնչին չափով բարելավված տարբերակ են համարել։

Ըստ աղբյուրների՝ Թեհրանն ավելի շատ ձևակերպումներ է ավելացրել միջուկային զենք չստեղծելու իր պատրաստակամության մասին, սակայն միևնույն ժամանակ չի առաջարկել որևէ կոնկրետ պարտավորություն ուրանի հարստացումը դադարեցնելու կամ բարձր հարստացված նյութի արդեն կուտակված պաշարները հանձնելու վերաբերյալ։

Վաշինգտոնում ընդգծում են, որ պատժամիջոցների մեղմացում չի տրամադրվի առանց Իրանի իրական փոխադարձ քայլերի։ Չնայած նավթային պատժամիջոցների հնարավոր մեղմացումների մասին իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումներին, ամերիկյան կողմը պնդում է՝ «ձրի» ոչ մի զիջում չի լինելու։

Ակնկալվում է, որ նախագահ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տան Իրավիճակային սենյակում խորհրդակցություն կանցկացնի իր ազգային անվտանգության թիմի հիմնական անդամների հետ, որտեղ կքննարկվեն հնարավոր ռազմական սցենարները։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ նախագահը դեռ շահագրգռված է գործարքի կնքմամբ, սակայն եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, բանակցությունները կարող են շարունակվել արդեն «ռումբերի միջոցով»։

«Ժամացույցը տկտկում է»,- ավելի վաղ զգուշացրել էր Թրամփը՝ հավելելով, որ Թեհրանի հետագա կոշտության դեպքում վերջինս կբախվի շատ ավելի լուրջ հարվածների։

Սպիտակ տան գնահատմամբ՝ նոր փոխադարձ առաջարկի բուն փաստը վկայում է, որ իրանական ղեկավարությունը վախենում է հետագա էսկալացիայից և ամերիկյան ռազմական արշավի պոտենցիալ ընդլայնումից։

Source: https://news.am/hy/news/1036375