Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ի վերջո կարող է «փոշմանել» Ուկրաինա ներխուժելու որոշման համար։ Այս մասին «Financial Times» (FT) պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ Չինաստանի առաջնորդն այս տեսակետը հայտնել է ռուս-ուկրաինական պատերազմի քննարկման ընթացքում։ Հատկանշական է, որ նախկինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած «անկեղծ ու անմիջական» զրույցների ժամանակ նա երբևէ կարծիք չէր հայտնել Պուտինի կամ ընթացող ռազմական հակամարտության վերաբերյալ։

Սի Ծինփինի այս մեկնաբանությունը հնչել է այն ֆոնին, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չորս տարի անց հայտնվել է փակուղում, իսկ Կիևն սկսել է ավելի արդյունավետ կերպով կիրառել անօդաչու թռչող սարքերը՝ ռուսական զորքերին և Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար, նշում է FT-ն։ Թրամփի վարչակազմը կիրակի օրը՝ մայիսի 17-ին, հրապարակել է Պեկինի գագաթնաժողովի վերաբերյալ հաշվետվությունը, սակայն դրանում որևէ հիշատակում չի եղել այն մասին, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը։

Պուտինը Ուկրաինա է ներխուժել 2022-ի փետրվարին՝ Չինաստան կատարած այցից ընդամենը երեք շաբաթ անց։ Այցի ընթացքում նա Սի Ծինփինի հետ միասին հայտարարել էր երկու երկրների «անսահմանափակ գործընկերության» մասին։ Մինչ այդ Միացյալ Նահանգները բազմիցս մեղադրել էր Պեկինին Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ տրամադրելու մեջ, քանի որ դրանք օգնում են Մոսկվային պատերազմ վարել Կիևի դեմ։ Չինական կողմն, իր հերթին, մշտապես հերքել է Մոսկվային որևէ աջակցություն ցուցաբերելու փաստը։

Այս ամենին զուգահեռ՝ Մոսկվայի ժամանակով մայիսի 19-20-ին նախատեսված է Պուտինի պաշտոնական այցը Չինաստան։ Նա Պեկին կժամանի Թրամփի այցից ընդամենը մի քանի օր անց։ Ճանապարհ ընկնելուց առաջ Պուտինը նշել է, որ Չինաստան է մեկնում իր «վաղեմի ու բարի ընկերոջ»՝ Սի Ծինփինի հրավերով, իսկ բուն այցը նվիրված է Մոսկվայի և Պեկինի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին։

«Ռուս-չինական սերտ ռազմավարական կապը շատ կարևոր դեր ունի աշխարհում։ Ընդ որում՝ մեր ընկերությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ. մենք աշխատում ենք հանուն խաղաղության և համընդհանուր բարգավաճման»,- հայտարարել է Պուտինը։ Նա նաև հստակեցրել է, որ երկօրյա այցի ընթացքում քննարկվելու են քաղաքականությանը, տնտեսությանը, պաշտպանական ոլորտին ու հումանիտար կապերին առնչվող թեմաներ։ Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն շուրջ 40 երկկողմ փաստաթուղթ։

Source: https://news.am/hy/news/1036460