Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությանը, երբ ԱՄՆ-ը ստացել է Թեհրանի թարմացված առաջարկը, հայտնում է Ynet-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
Ըստ նրանց՝ Իսրայելն ուշադիր հետևում է բանակցություններին և համարում է, որ Իրանը փաստացիորեն «ամոթալի» պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը չի կարող հիմք ծառայել առաջընթացի համար։ Գործողությունների ռազմական տարբերակն այժմ մեծապես դիտարկվում է որպես իրատեսական, հայտարարել են աղբյուրները։
Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Իրանը, իրենց գնահատմամբ, «ցնծության մեջ է» և իրեն հաղթող է համարում։ Իրենց պատկերացմամբ՝ Թրամփը միայն սպառնում է և իրականում չի ցանկանում ներքաշվել նոր պատերազմի մեջ։ «Իրանցիները պատրաստ չեն Թրամփին ոչինչ տալ, քանի որ զգում են, որ նա հուսահատորեն ուզում է ավարտել պատերազմը։ Նրանց նպատակն է նվաստացնել Թրամփին և ցույց տալ, որ իրենք հաղթել են աշխարհի մեծագույն տերությանը»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Նշվում է, որ Իսրայելը մասնակցում է հնարավոր գործողությունների ծրագրմանը, սակայն որոշումները մնում են անկանխատեսելի, քանի որ ԱՄՆ նախագահը կարող է ցանկացած պահի փոխել դիրքորոշումը։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը նշել է, որ ռազմական գործողությունների հավանականությունը «մոտենում է և ընդունվում է շատ լրջորեն», թեև իրավիճակը դեռ վերջնական չէ։
Ըստ իսրայելական աղբյուրի՝ Իրանը դեռ կարող է վերջին պահին զիջումների գնալ, եթե որոշի, որ Թրամփը պատրաստ է հարված հասցնել։ Սակայն այժմ նման նշաններ չկան։ «Իրանն իրեն այնպես է պահում, ասես հաղթել է, և պատրաստ չէ որևէ բան զիջել,- ասել է զրուցակիցներից մեկը։- Իրանը մտադիր չէ որևէ բան տալ Թրամփին, քանի որ կարծում է, որ նա ձգտում է ամեն գնով ավարտել պատերազմը»։
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հաշվի առնելով Իրանի վարքագիծը՝ սահմանափակ գործողությունը կարող է անբավարար լինել, և Թրամփը, հնարավոր է, ստիպված լինի ընտրել ավելի լայնածավալ գործողություններ։ «Իսրայելը պետք է պատրաստվի պատերազմի լիակատար վերսկսմանը,- ասել է նա։ - Այժմ դրա հավանականությունն արդեն ավելին է, քան 50-ը 50-ի»։
Քննարկվող տարբերակների թվում են ոչ միայն ավիահարվածները, այլև ավելի լայն, ներառյալ՝ ցամաքային գործողությունները, մասնավորապես՝ Խարգ կղզում Իրանի հիմնական նավթային հանգույցի զավթումը, հարստացված ուրանի առգրավումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության սահմանումը։
Սակայն, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ նախագահին դուր չի գալիս այդ տարբերակը՝ զինվորականների համար առկա ռիսկերի պատճառով, թեև վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ։
Քննարկվում է նաև շրջափակման ուժեղացման և տնտեսական ճնշման միջոցով Իրանին զիջումների ստիպելու ռազմավարությունը։
Source: https://news.am/hy/news/1036420
Football
«Սա արդեն ավելին է, քան 50-ը 50-ի»․ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։