Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ ուկրաինական զինվորականները պատրաստվում են Լատվիայի տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ «Ստացված տվյալների համաձայն՝ Կիևը չի պատրաստվում սահմանափակվել այն օդային միջանցքների օգտագործմամբ, որոնք մերձբալթյան երկրները տրամադրել են Ուկրաինայի զինված ուժերին։ Նախատեսվում է անօդաչուները արձակել նաև այդ պետությունների տարածքից», — նշել են հատուկ ծառայությունում։ Այդ նպատակով, ինչպես պնդում է ԱՀԾ-ն, Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի զինծառայողները տեղակայվել են Լատվիայի «Ադաժի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաներում
Հատուկ ծառայությունում ընդգծել են, որ ռուսական միջոցները թույլ են տալիս ճշգրիտ որոշել անօդաչուների արձակման կետերի կոորդինատները և տեղեկություններ ստանալ խոցված անօդաչուների բեկորներից՝ «ինչպես դա եղել էր դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա Ուկրաինայի անօդաչու հարձակման փորձի ժամանակ»։ Այս կապակցությամբ ԱՀԾ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ին Լատվիայի անդամակցությունը «չի պաշտպանի ահաբեկիչների հանցակիցների հանդեպ արդար հատուցումից»։ «Լատվիայի տարածքում որոշումների ընդունման կենտրոնների կոորդինատները լավ հայտնի են», — եզրափակել են գերատեսչությունում։
Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն ռուսական հետախուզության հայտարարությունը անվանել է «սուտ»։ «Փաստ. Լատվիան ՉԻ տրամադրում իր օդային տարածքը Ռուսաստանի վրա հարձակումների համար։ Սա արդեն մի քանի անգամ բացատրվել է ռուս պաշտոնյաներին», — գրել է Բրաժեն X սոցիալական ցանցում։ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նույնպես ընդգծել է, որ «Ռուսաստանը ստում է» այս հարցում։
Մայիսի սկզբին երկու ԱԹՍ է ընկել Լատվիայի արևելքում գտնվող նավթաբազայի տարածքում։ Դեպքը կառավարական ճգնաժամ է առաջացրել․ վարչապետ Էվիկա Սիլինյան պատասխանատվությունը բարդել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի վրա, իսկ վերջին էլ որոշել է հրաժարական տալ։ Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է նաև վարչապետի գլխավորած ամբողջ նախարարների կաբինետը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ Լատվիա հասած անօդաչուները պատկանում են Ուկրաինային։ Անցած հանգստյան օրերին երկրի օդային տարածքում նկատվել է ևս մեկ անհայտ ԱԹՍ։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ռուսական տարածքին հասցված անօդաչու թռչող սարքերի հարվածների ֆոնին, զգուշացրել էր մերձբալթյան երկրներին, որ Մոսկվան ունի ինքնապաշտպանության իրավունք։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «հատուկ զգուշացում» է հղել Մերձբալթյան երկրներին՝ Ուկրաինայի զինված ուժերի դրոններին օդային տարածք տրամադրելու անթույլատրելիության մասին։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան համատեղ հայտարարությամբ հերքել են այս մեղադրանքները։ Այդ երկրների ռազմական գերատեսչություններն ընդգծել են, որ ուկրաինական դրոններն իրենց տարածք են ներխուժում Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների կիրառման պատճառով։ Լատվիայի ԱԳՆ-ն էլ մատնանշել է, որ Մոսկվայի վարած ագրեսիվ պատերազմը անվտանգային նմանատիպ միջադեպերի ռիսկեր է ստեղծում ողջ տարածաշրջանի համար։
Source: https://news.am/hy/news/1036595
Football
Ռուսաստանը Լատվիային մեղադրել է ուկրաինական ԱԹՍ-ների արձակման համար բազաներ պատրաստելու մեջ և սպառնացել է «պատասխան հարվածով»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։