Մայիսի 18-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարվածել է Ուկրաինայի Դնեպր քաղաքին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Մի քանի հարվածներ են հասցվել բնակելի թաղամասին, ինչը մեծավերածությունների ու հրդեհների պատճառ է դարձել։ Վնասվել են բազմաբնակարան ու մասնավոր տներ, կրոնական կառույց, համալսարան և մի ձեռնարկություն։ Ընդհանուր առմամբ, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երկու տարեկան աղջիկ և տասը տարեկան տղա։ «Երեխաները ստանում են ամբուլատոր բուժում։ 8 մարդ է հոսպիտալացվել. բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության»,— նշել է Գանժան։

Բացի այդ, թիրախում է հայտնվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի ձեռնարկություններից մեկն ու ենթակառուցվածքները։ Այստեղ երկու մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։ Գնդակոծության են ենթարկվել մարզի ևս մի քանի շրջաններ, որտեղ վիրավորվել է չորս քաղաքացի։ Անցած գիշեր ռուսական կողմը հարվածային ԱԹՍ-ներով հերթական հարձակումն է գործել նաև Օդեսայի վրա։ Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ վնասվել են բնակելի տներ, կա երկու վիրավոր, որոնցից մեկը՝ երեխա։ Բացի բնակելի ֆոնդից, ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են նաև լիցեյի ու մանկապարտեզի շենքերը։ Հարվածներ են հասցվել նաև ենթակառուցվածքային օբյեկտներին։

Անցյալ տարվա հունիսից ի վեր ուսական զինուժն ամենամահաբեր հարվածներն է հասցրել Կիևին։ Մայիսի 14-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակման ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր մայրաքաղաքի Դարնիցկի շրջանի բնակելի շենքերից մեկի վրա։ Փլուզվել է իննահարկ շենքի մի մասը, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Դեպքի վայրում ավելի քան 28 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել։ Փլատակների տակից ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 30 մարդու։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ բազմաբնակարան շենքին հարվածել են «օդ-ցամաք» դասի «Խ-101» թևավոր հրթիռով, որն արտադրվել էր այս հարձակումից կարճ ժամանակ առաջ։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է պատժամիջոցների շրջանցմամբ բաղադրիչներ ու սարքավորումներ ստանալ»,— նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը և հիշեցրել, որ հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան ու աշխարհը նման հարվածներից։ Ուկրաինան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել ռուսական հարձակումների վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1036198