Չարժե սպասել կայունացման այն տարածաշրջաններում, որտեղ հատվում են ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները։ Այս մասին մայիսի 15-ին Երևանում «Ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» համաժողովի ընթացքում հայտնել է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Տիմոֆեյ Բորդաչովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ և Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել քաղաքական երկխոսությունը, չի բացառում հակասությունների առկայությունը։
«Երկու կողմերի համար էլ քաղաքականությունը զարգանում է «ուղտը երկու սապատ ունի, որովհետև կյանքը պայքար է» սկզբունքով։ Եվ մշտական պայքարը, տարբեր մակարդակներում ուժային փոխգործակցությունը կպահպանվեն ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Եվ, անշուշտ, դա խաղաղ կյանք չի ավելացնի այն երկրներին և տարածաշրջաններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են այս հարաբերություններին և պայքարին», - ասել է Բորդաչովը։
Նրա խոսքով՝ չարժե հույս դնել կայունացման վրա այն տարածաշրջաններում, որոնք առնչվում են այս հարաբերություններին։ Դրանք են Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Անդրկովկասը և, թեև ավելի փոքր չափով, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը։
Փորձագետը նշել է, որ աշխարհում աճող տուրբուլենտությունը մեծապես կապված է այն բանի հետ, որ սառը պատերազմի ժամանակների երկբևեռ համակարգի քայքայման գործընթացներն ավելի ու ավելի են արագանում, իսկ նոր երևույթները հիմնականում գտնվում են ձևավորման փուլում։ Հնի և նորի տարրերի հակասություններն ու բախումները, որոնք երբեմն դրսևորվում են շատ տարօրինակ ձևերով, հանգեցնում են անորոշության և անկանխատեսելիության՝ դժվարացնելով կայուն երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կառուցումը։ Սա վերաբերում է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Դրանք մինչ օրս շատ առումներով կառուցվում են նույն մոդելով, ինչ սառը պատերազմի ժամանակների խորհրդա-ամերիկյան հարաբերությունները։ Սակայն ներկայիս պայմաններում հին կաղապարներով արդյունավետ աշխատելն արդեն դժվար թե հնարավոր լինի։
Source: https://news.am/hy/news/1035748
Armenia
Ռուս փորձագետ․ ԱՄՆ և ՌԴ ներկայիս հարաբերությունները Անդրկովկասի համար ոչ մի լավ բան չեն խոստանում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։