«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416․7 մլն դրամ նվիրատվություն, ինչը 3 անգամ ավելի շատ է, քան 2024 թվականին։ Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն դրամը, նվիրատվություն է գործարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում կուսակցությանը կատարվել է 1688 նվիրատվություն։

Դրանցից 44-ը եղել է 2․5 մլն դրամի չափով, 2-ը՝ 3 մլն դրամի, 2-ը՝ 4 մլն դրամի, 11-ը՝ 5 մլն դրամի, 1-ը՝ 7․5 մլն դրամի, և 1-ը՝ 8 մլն դրամի չափով։ Նույն անձից օրենքով թույլատրելի առավելագույն՝ 1 տարվա ընթացքում 10 մլն դրամի չափով, գրանցվել է 1 նվիրատվություն, սակայն մաս-մաս՝ 2․5 մլն և 7․5 մլն դրամ։

Իսկ ովքե՞ր են իշխող կուսակցությանը խոշոր նվիրատվություն կատարած անձինք։ Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ին ՔՊ-ի խոշոր նվիրատուների շարքում շատ են գործարարներն ու իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

«Օրդ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Օրդուխանյանը 2025-ի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերել է օրենքով առավելագույն թույլատրելի չափը՝ 10 մլն դրամ, որից 2․5 մլն-ը՝ փետրվարին, և 7․5 մլն՝ նոյեմբերին։ «Օրդ գրուպ» ընկերությունը Երևանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցել և կառուցում, նաև հավակնում է շահագործել Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրը, որի նախագիծը Վեդի համայնքի ավագանու նիստի ժամանակ անցած տարի ակտիվ պաշտպանում էր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ Սամվել Օրդուխանյանի հայրը՝ Լևոն Օրդուխանյանը, անցած տարի Երևանի քաղաքապետարանի հանդեպ հարյուրավոր միլիոնների պարտավորություններ է ունեցել։ ԴԱՀԿ-ն մի քանի արգելանք է դրել նրա ունեցվածքի վրա, որոնցից մեկը՝ 825 մլն դրամի․ այն մարվել է միայն 2026-ի հունվարի 9-ին։ Ստացվում է, որ ընտանիքում նման խոշոր պարտքի առկայության պայմաններում Օրդուխանյանները ֆինանսավորել են իշխող ուժին։

52 մլն դրամ կամ ամբողջ նվիրատվությունների գումարի մոտ 12․5 %-ը նվիրաբերել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները և նրանց պատկանող ընկերությունների աշխատակիցները՝ ընդհանուր 11 հոգի, մասնավորապես՝ Սուքիասյան եղբայրների զավակները՝ Ալբերտ Սուքիասյան Խաչատուրի, Մերի Սուքիասյան Սարիբեկի, Արիկ Սուքիասյան Ռոբերտի և Խաչատուր Սուքիասյան Էդուարդի, ինչպես նաև՝ Սուքիասյանների ընկերությունների ղեկավարները։

Ընդ որում, ինչպես երևում է թվերից, երիտասարդ Սուքիասյանները և աշխատակիցներն իշխող ուժին նվիրաբերել են յուրաքանչյուրը 5-մլն դրամ։ Ավելին՝ այս ամբողջ գումարը ՔՊ-ին փոխանցվել է հիմնականում 3 օրում՝ 2025-ի հոկտեմբերի 14-16-ը։ Միայն «Սիլ կապիտալ» ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանն է փոխանցել 5500 դոլար՝ մարտին (հեղ․՝ համարժեք է 2 մլն 166 հազար դրամի)։ Այդ ժամանակ ՔՊ-ն հայտարարել էր դրամահավաք Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների և կուսակցության ընթացիկ գործունեության կարիքների համար։

Source: https://news.am/hy/news/1035753