Եվրոպացի նախարարները զգուշացրել են, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են օգտվել Իրանի դեմ պատերազմի հետևանքներից՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու և զարգացող երկրների վրա ճնշման լծակներն ուժեղացնելու համար, որոնք բախվում են էներգակիրների և պարենի պակասի։
ԵՄ դիվանագիտական ծառայության աշխատակիցների պատրաստած ներքին փաստաթուղթը մատնանշում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ առաջացած գլոբալ տնտեսական ցնցումը կարող է «զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ» ունենալ Եվրոպայի համար, հայղորդում է Irish Times-ը։
Փաստաթղթում ասվում է, որ Պարսից ծոցի երկրների կարևոր դերը գյուղատնտեսական պարարտանյութերի առևտրի և մատակարարման գործում նշանակում է, որ գլոբալ պարենային անվտանգությունը կարող է «լրջորեն տուժել» այս ճգնաժամից։ Պաշտոնյաների գնահատմամբ՝ զարգացող երկրները կարող են բախվել «պարենի զգալի պակասի և գների աճի» արդեն իսկ մինչև այս տարվա վերջ։
Միջազգային զարգացման քաղաքականության համար պատասխանատու ԵՄ պետությունները երկուշաբթի Բրյուսելում քննարկել են այդ զգուշացումները։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հորմուզի նեղուցով է անցնում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մեկ հնգերորդը, իսկ ԱՄՆ և Իսրայելի հարվածներին ի պատասխան Թեհրանի կողմից դրա փաստացի փակումն արդեն իսկ ճնշում է գործադրում համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Համաձայն վերլուծության՝ հատկապես ուժգին կտուժեն առավել խոցելի երկրները, որոնք արդեն իսկ տնտեսական դժվարություններ են կրում։ Ակնկալվում է, որ պարենի և գյուղատնտեսության վրա ճգնաժամի հետևանքները զգալի կլինեն նաև «այս տարվանից հետո»։ Փաստաթղթում ասվում է, որ պարարտանյութերի գների աճն արդեն իսկ ազդում է Աֆրիկայի և Ասիայի որոշ տարածաշրջանների գյուղատնտեսության վրա։
Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել Էլ սպասվող Նինյո կլիմայական երևույթի պատճառով, որն անցյալ տարիներին հանգեցրել է Աֆրիկայում երաշտների և բերքատվության անկման։
«Դա կարող է հանգեցնել պարենի զգալի պակասի և գների աճի մինչև 2026 թվականի վերջը, ընդ որում՝ ամենից շատ կտուժեն պարեն ներմուծող երկրները և առավել խոցելի պետությունները»,- ասվում է ԵՄ փաստաթղթում։
Իռլանդիայի միջազգային զարգացման հարցերով նախարար Նիլ Ռիչմոնդը Բրյուսելում հայտարարել է, որ զարգացող երկրներին եվրոպական օգնության կրճատումը վակուում է ստեղծում, որը լրացնում են «թշնամական ուժերը»։
«Եթե Եվրոպան նահանջում է Գլոբալ Հարավի երկրներից, այդ տարածությունը կզբաղեցնի Ռուսաստանը։ Մենք արդեն երկար տարիներ տեսնում ենք, թե ինչպես է Չինաստանը լրացնում այդ տնտեսական տարածությունը»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն իսկ օգտագործում է էներգակիրները որպես քաղաքական ճնշման գործիք՝ պետություններին դրդելու քվեարկել իր օգտին կամ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ։
Source: https://news.am/hy/news/1036410
Football
ՌԴ-ն ու ՉԺՀ-ն կարող են օգտագործել Իրանի դեմ ճգնաժամի հետևանքները գլոբալ ազդեցության ուժեղացման համար. ԵՄ նախարարներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։