ՆԱՏՕ-ի՝ «Բալթյան օդային պարեկություն» (Baltic Air Policing) առաքելությանը մասնակցող կործանիչներն անօդաչու թռչող սարք են խոցել Էստոնիայի օդային տարածքում։ Ինչպես հայտնում է Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Էստոնիայի հարավում գտնվող Վիռտսյարվ լճի վրա։ Էստոնական Delfi լրատվական պորտալին և ERR հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
Նախարարի խոսքով՝ ամենայն հավանականությամբ խոսքը ուկրաինական ԱԹՍ-ի մասին է, որն ուղարկված է եղել Ռուսաստանի հյուսիս-արևմտյան թիրախների ուղղությամբ (այդ շրջանում առավոտյան նույնպես հարվածներ էին գրանցվել): Ենթադրվում է, որ դրոնը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ինչի հետևանքով շեղվել է կուրսից և հայտնվել Էստոնիայի օդային տարածքում։
Այս վարկածն առանձին հայտարարությամբ հաստատել է նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը։
Հաղորդվում է, որ Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը նույնպես խորհրդարանում հաստատել է միջադեպի փաստը՝ նշելով, որ դրոնի ոչնչացումը ցույց է տալիս, որ «մենք նախկինի պես ի վիճակի ենք հաղթահարել նման իրավիճակները»։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Տեղական ժամանակով մոտավորապես կեսօրին Էստոնիան և Լատվիան նախազգուշացում են հրապարակել իրենց տարածքների մի մասում անօդաչուների հարձակման վտանգի մասին։
Ավելի ուշ Լատվիան վերահաստատել է նախազգուշացման ուժի մեջ լինելը. հաղորդվում է, որ դրա պատճառով խաթարվել են գնացքների երթևեկությունն ու քննությունների անցկացումը։
Իրավիճակին անդրադարձել է նաև Լատվիայի վարչապետի պաշտոնակատար Էվիկա Սիլինյան՝ նշելով, որ «Լատվիան Ռումինիայի հետ համատեղ օգնել է չեզոքացնել Էստոնիայում հայտնված դրոնը»։ «Լատվիայի ռազմաօդային ուժերի կառավարման և հսկման կենտրոնը համակարգել է Էստոնիայում անօդաչու թռչող սարքի չեզոքացման գործողությունը։ Ոչնչացումն իրականացրել են ռումինական F-16 կործանիչները, որոնք մասնակցում են ՆԱՏՕ-ի Բալթյան օդային տարածքի պարեկության առաքելությանը։ Այս գործողությունը ցույց է տալիս դաշնակիցների՝ սերտորեն համագործակցելու և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու պատրաստակամությունը»։
Source: https://news.am/hy/news/1036638
Football
Ռազմական կործանիչը «մոլորված» ուկրաինական դրոն է խոցել Էստոնիայի երկնքում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։