Նորվեգիան միացել է Բալթիկ ծովի տարածաշրջանի համար Եվրոպական միության ռազմավարությանը (EUSBSR), որն ուղղված է ընդհանուր մարտահրավերներին, դրանց թվում՝ անվտանգության հարցերին արձագանքելու գործողությունների համակարգմանը:

Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, կմիանա արդեն իսկ գործող մասնակիցներին՝ Շվեդիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Գերմանիային, Լատվիային, Լիտվային և Լեհաստանին։

«Անդամակցությունը կուժեղացնի Նորվեգիայի համագործակցությունը ԵՄ-ի հետ մի տարածաշրջանում, որը կենտրոնական է դարձել եվրոպական և նորվեգական անվտանգության համար»,- հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն, հայտնում է Reuters-ը:

Բալթիկ ծովի տարածաշրջանը բարձր պատրաստվածության վիճակում է՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխների, հեռահաղորդակցության գծերի և գազատարների մի շարք անջատումներից հետո։

Ըստ Էյդեի՝ ռազմավարությանը մասնակցությունը նոր հնարավորություններ է բացում մի շարք ոլորտներում համագործակցության համար, մասնավորապես՝ ծովային կոոպերացիան, հսկողությունը և անվտանգության ապահովումը։

Բալթյան տարածաշրջանի համար ԵՄ ռազմավարությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ամրապնդել փոխգործակցությունն ընդհանուր խնդիրների շուրջ և ձևավորել ավելի էկոլոգիապես կայուն, մրցունակ ու դիմակայուն տարածաշրջան։

Դրա խնդիրների թվում են նաև տարածաշրջանում մաքուր ու անվտանգ նավագնացության, ինչպես նաև կայուն էներգետիկ շուկաների ապահովումը։

Source: https://news.am/hy/news/1036354