Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Արտուր Օսիպյանը նախորդ օրը ձերբակալվել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։
ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։
Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակո նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Ավելին, իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքու Մարդու իրավունքների պաշտպանը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԻՊ մանդատի շրջանակում շարունակում է իրականացնել ընտրական գործընթացներում մարդու իրավունքների հարցերին առնչվող մշտադիտարկում, իրականացվում են ՄԻՊ մանդատին վերաբերելի գործառույթները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մի քանի հարց է ուղղել Փաշինյանին, որը վերածվեց վիճաբանության։ Նիկոլ Փաշինյանը սկսել էր գոռգոռալ նրա վրա, ի վերջո նրա թիկնապահները հրելով հեռացրել են Օսիպյանին Փաշինյանից։
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է․ «Տասնյակ միլիարդները, որ փոխանցել եք, չեք հետևե՞լ՝ էդ փողերն ո՞ւր են գնացել։ Կլանի դեմ, որ պայքարում էինք, էդ կլանի միլիոններից սնվել էիք, եկել էիք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ՝ Արայիկին բերելով իշխանության։ Դուք չե՞ք աջակցել ու Արայիկի համար փող եք բաժանել, չխառնվեիք։ Ընտրությունների ժամանակ, երբ թալանչիների կլանի դեմ էինք պայքարում, աչք եք փակել Արայիկի՝ փող բաժանելու վրա»։
Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր․ «Կա քաղաքական համակարգ և այդ քաղաքական համակարգի հետ աշխատել ենք։ Չէի գալու, Ղարաբաղում իշխանափոխություն անեի»։ Արթուր Օսիպյանն էլ նշել է՝ Արայիկի միջոցով փող չբաժանեիք, կվերընտրվեինք. «150 միլիոն ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել, թե ինչ են եղել այդ գումարները»։
Նիկոլ Փաշինյանին հունից հանել է այն, որ Արթուր Օսիպյանը խոսել է 300 հազար ադրբեջանցի փախստականների մասին․ «Ասում եք՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքը լեգիտիմությունն է։ Մինսկի խումբը լուծարեցիք, Ադրբեջանը պահանջ է դնում, ասում է՝ Ադրբեջանի փախստականները պետք է վերադառնան»։ Նիկոլ Փաշինյանը սկսեց գոռգոռալ․ «Իր ասելով չի, մեր օրակարգում տենց հարց չկա։ Ի՞նչ ես եկել, ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում»։
Source: https://news.am/hy/news/1036593
Football
ՄԻՊ–ի ներկայացուցիչները այցելել են ձերբակալված Արտուր Օսիպյանին. Նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։