Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար։ Դրա մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

Ըստ նրա՝ այդ հարաբերությունները հատկապես կարևոր են մեր տարածաշրջանը որպես «Միջին միջանցք» զարգացնելու հեռանկարի տեսանկյունից, հայտնում է Грузия-онлайн-ը։

Նա նշել է, որ այս համատեքստում այսօր իսկապես կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։

Ըստ նախարարի՝ Վրաստանի համար կարևոր է լիարժեքորեն օգտագործել իր տարանցիկ ներուժը։ «Տարանցիկ ներուժի հետ կապված թեմաներից զատ, կարևոր էր նաև երկու երկրների միջև ուղևորատար գնացքների շարժը վերականգնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի որոշումը։ Դա կարևոր է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Ադրբեջանի համար։ Այդ որոշումը զգալիորեն կնպաստի ժողովուրդների միջև հարաբերություններին։

Վրաստանի տարանցիկ ներուժը հետաքրքիր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների, այլև այլ պետությունների համար։ Աֆրիկյան մայրցամաքում առկա ներուժը ևս աճում է, և կարևոր է, որ մենք նույնպես այն ճիշտ օգտագործենք։ Այդ համատեքստում, իհարկե, լավ հնարավորություն էր Քենիայի նախագահի հետ հանդիպումը»,- հայտարարել է Բոչորիշվիլին։

Source: https://news.am/hy/news/1036395