Կարծում եմ՝ նորմալ է ու բնական, որ քարոզարշավը պիտի հասներ նաև այստեղ, որովհետև մենք երկու փուլով ենք քարոզարշավ անում, երկու առանձին խմբերով, մեկը ավելի մեծ խմբով, հանրապետական քարոզարշավ է իրականացնում, մյուսը տեղական քարոզարշավ է իրականացնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, Տաշիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ինքն արդեն Տաշիրում քարոզարշավ էր իրականացրել, որը, ըստ էության, ձախողվել էր, և ՔՊ–ն որոշել է այսօր ևս այցելել Տաշիր։
«Ես մինչ այժմ, որպես լոռեցի, տեղական քարոզարշավ եմ իրականացրել»,–ասաց նա։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից հնչող անթույլատրելի խոսույթին, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, Պապիկյանն ասաց. «Այդ խոսույթը մենք չենք թելադրել կամ մենք չենք սկսել, բայց մենք նաև պիտի արձագանքենք ադեկվատ ու արձագանքում ենք։ Ուսումնասիրեք դաշտը կտեսնեք, թե ով է սկսել»։
Նա նորմալ քաղաքական պայքար համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին սպառնում է ունեզրկել, թողնել մի զույգ բոթասով. «Եթե արժանի է, որ մի զույգ բոթասով մնա, պիտի մնա մի զույգ բոթասով»։
Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Սպիտակում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողի պապիկին անվանեց 200 հազար դրամով կալուգացու կողմից ուղարկված մարդ, Պապիկյանն ասաց. «Խոսքն իրեն չէր վերաբերում, խոսքը առհասարակ ամեն օր նման խնդիր ունեցող, սգի մեջ գտնվող մարդկանց փորձել օգտագործելու մասին է։ Ամեն օր ամեն տեղի են ունենում նման միջադեպեր, ամեն օր փորձում են կազմակերպել։ Եթե մեր հանրահավաքն է, դրան ակնկալվում է, որ գալիս են նրանք, որոնք ուզում են մեզ լսել, ու գալիս են մարդիկ, որոնք ուզում են խանգարել մեր ու քաղաքացիների շփումը, դա նորմալ չի»։
Խնրանքին՝ մեկնաբանել Մծավանում տեղի ունեցած խուզարկությունները, Պապիկյանն ասաց, որ տեղյակ չէ, միայն ձայնագրություններն է լսել։
Ինչ վերաբերում է մայիսի 28–ին Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսին և հարցին, թե արդյոք դա պատերազմի հրահրման սպառնալիք իր մեջ չի պարունակում, պաշտպանության նախարարը բցասական պատասխան տվեց. «Ոչ, որևէ սպառնալիք չկա։
Ես հասկանում եմ, որ շատերը անհանգստանում են, գուցե դուք էլ եք անհանգստանում, որ այն ինչ մենք արել ենք, կարող ենք վերջապես ի ցույց դնել ու դա մեր ընդդիմախոսների համար գուցե լավ հետևանքներ չունենա, բայց հիմա դա է իրականությունը, պիտի իրականության հետ ուղղակի հաշտվել»։
Source: https://news.am/hy/news/1036615
Football
Միայն ձայնագրություններ եմ լսել. Պապիկյանը՝ Մեծավանում իրականացված խուզարկությունների մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։