Ամերիկյան Մեն նահանգի Միդքոսթ շրջանի սղոցարանում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է մեկ հրշեջ, ևս առնվազն 11 մարդ վիրավորվել է, հայտնում է «Associated Press»-ը:

Նահանգի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջին մահացած են գտել սղոցարանի տարածքում:

Պաշտոնական տվյալներով՝ բունկերի պայթելու պահին՝ հրշեջը մասնակցել է գյուղական վայրում գտնվող «Robbins Lumber» փայտամշակման ընկերության տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։

Մեն նահանգի հրշեջ ծառայության պետ Շոն Էսլերը հայտարարել է, որ պատճառների քննությունը կարող է անհապաղ պատասխաններ չտալ: Պորտլենդի «MaineHealth» բժշկական կենտրոնը, որն ունի վնասվածքաբանության առաջին կարգ, հայտնել է, որ այս պահին բուժում է ստանում տեղի հիվանդանոցներից տեղափոխված 10 պացիենտ:

Բանգորում գտնվող Մեն նահանգի արևելյան շրջանի «Northern Light» բժշկական կենտրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց մոտ բուժվում է մեկ պացիենտ, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Գործարանը գտնվում է շուրջ 1500 բնակիչ ունեցող Սիրսմոնտ քաղաքում, որը Պորտլենդից հեռու է մոտ 150 կիլոմետր։

Նահանգային փրկարարական ջոկատներն ու տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունները մի քանի ժամ շարունակ օգնել են հրշեջներին՝ փորձելով մեկուսացնել կրակը։

Source: https://news.am/hy/news/1035857