Մոսկվայի տարածաշրջանում հաջորդ աշխատանքային շաբաթվա ընթացքում եղանակը կլինի անոմալ շոգ, ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի, ինչը 7-9 աստիճանով կգերազանցի կլիմայական նորման։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի առաջատար մասնագետ Մարինա Մակարովան։

«Հաջորդ շաբաթ Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական շրջաններում անոմալ տապ է սպասվում։ Մոսկվայի, Մոսկվայի, Վլադիմիրի, Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Սմոլենսկի, Տվերի, Յարոսլավլի, Կոստրոմայի և Իվանովոյի մարզերի տարածքում այս օրերի միջին օրական ջերմաստիճանի ցուցանիշները կգերազանցեն 7-9 աստիճանով։ Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճանի սահմաններում»,- ասել է Մակարովան։

Նա ընդգծել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է աշխատանքային շաբաթվա բոլոր օրերին (մայիսի 18-22)։ Օդերևութաբանի խոսքով՝ նման տապի պատճառը Միջին Ասիայից եկող արևադարձային տաք օդային զանգվածների (տրոպոսֆերային կատարի) տարածումն է դեպի Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական շրջաններ։

Այս զանգվածի հարավային, իսկ այնուհետև արևմտյան եզրերով Սև և Կասպից ծովերի ավազաններից տաք օդ կթափանցի, ինչի հետևանքով եղանակը կդառնա անկայուն՝ առանձին շրջաններում ուղեկցվելով կարճատև անձրևներով և ամպրոպով։

Source: https://news.am/hy/news/1035869