Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի քննադատել է Եվրոպական միությանը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը նպաստելու նպատակով իր դիվանագիտական ներուժը լիարժեք չօգտագործելու համար:
«Ես կարծում եմ, որ ռազմական աջակցությունը, որը մենք ցուցաբերում ենք մինչ օրս, բացարձակապես ճիշտ է։ Ճիշտ է նաև, որ մենք շատ ավելին ենք անում զսպող ազդեցություն ստեղծելու համար՝ բացի Ուկրաինային ուղղված մեր օգնությունից։ Սակայն ես ցավում եմ, որ, ըստ իս, Եվրոպան բավարար չափով չի օգտագործում իր դիվանագիտական ներուժը,- WDR հանրային հեռարձակողին տված հարցազրույցում հայտարարել է Մերկելը։ -Բավարար չէ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է կապեր պահպանում Ռուսաստանի հետ»,- հավելել է Անգելա Մերկելը, գրում է Politico-ն:
Եվրոպայի վրա շարունակվող ճնշումների ֆոնին ուժգնանում են հատուկ բանագնաց նշանակելու կոչերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ Ըստ հաղորդումների՝ և՛ Մոսկվան, և՛ Կիևը պատրաստակամություն են հայտնում նման միջնորդության համար՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական հակամարտության վրա Թրամփի բանակցային թիմն կենտրոնացման ֆոնին։
Մերկելը, որը զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 2005-2021 թվականներին, հայտարարել է, որ առաջարկել էր ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առանձին դիվանագիտական ձևաչափ ստեղծել դեռևս 2021 թվականի հոկտեմբերին անցկացված Եվրոպական խորհրդի իր վերջին նիստում՝ լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց չորս ամիս առաջ։ Սակայն, ըստ նրա, Մոսկվայի նկատմամբ մոտեցումների հարցում Եվրամիության ներսում առկա տարաձայնությունների պատճառով նախաձեռնությանը չեն աջակցել։
«Պետք է շարունակել աշխատել, մինչև հասնենք ընդհանուր դիրքորոշման,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ ներքին հակասությունները։- Դիվանագիտությունը միշտ եղել է մեդալի մյուս կողմը, նույնիսկ Սառը պատերազմի ժամանակաշրջանում»։
Վերջին տարիներին Մերկելի ժառանգությունը վերանայման է ենթարկվում. քննադատությունն ուժեղացել է նրա կանցլերության շրջանում ռուսական գազից Գերմանիայի աճող կախվածության պատճառով, հատկապես չորս տարի առաջ ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների նրա փորձը պատճառ է դարձել, որ Մերկելի անունը պարբերաբար հիշատակվի որպես հակամարտության կարգավորման հարցով ԵՄ հատուկ միջնորդի հնարավոր թեկնածու։
Այդուհանդերձ, ինքը՝ Մերկելը, հայտարարել է, որ իր գրասենյակը նման կարգի որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։ Քաղաքական գործիչն ընդգծել է նաև, որ, իր կարծիքով, միայն գործող առաջնորդներն ունեն բավարար քաղաքական լեգիտիմություն նման բանակցություններ վարելու համար՝ հղում անելով 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Պուտինի հետ շփման իր փորձին։
«Մենք կարողանում էինք այդ բանակցությունները վարել նախագահ Պուտինի հետ միայն այն պատճառով, որ օժտված էինք քաղաքական իշխանությամբ, որովհետև կառավարությունների ղեկավարներ էինք,- նշել է Անգելա Մերկելը։- Անհրաժեշտ է հենց այդպիսի իշխանություն։ Եվ ես անձամբ երբեք չէի խնդրի միջնորդին մեկնել Մինսկ և իմ փոխարեն բանակցություններ վարել Պուտինի հետ… Դա պետք է անել սեփական ուժերով»։
Source: https://news.am/hy/news/1036363
Football
Մերկելը քննադատել է ԵՄ-ին՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու անկարողության համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։