Լարված անդորրի մի քանի շաբաթներից հետո ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հաստատված փխրուն զինադադարն ավելի ու ավելի է ենթարկվում վերջնականապես փլուզվելու ռիսկին։ Գնալով ավելի շատ նշաններ մատնանշում են, որ բոլոր կողմերն ակտիվորեն պատրաստվում են պատերազմի հնարավոր նոր փուլին, գրում է Gulf News-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ժամերին կտրուկ խստացրել է իր հռետորաբանությունը՝ Truth Social-ում հրապարակելով մի շարք զգուշացումներ ու սպառնալիքներ այն լուրերի ֆոնին, թե նա կարող է մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել ռազմական խորհրդականների հետ՝ քննարկելու Իրանի հարցով հետագա քայլերը։
Ըստ բազմաթիվ հաղորդումների և տարածաշրջանային աղբյուրների՝ Վաշինգտոնն ու Իսրայելն ակտիվորեն դիտարկում են ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, եթե ընթացող բանակցությունները չհանգեցնեն դիվանագիտական բեկման։
Համաձայնության հասնելու ճանապարհին կենտրոնական խոչընդոտ է մնում Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարը․ հենց այս հարցն է գլխավոր արգելքը ավելի լայն համաձայնագրի համար, որը կարող էր ավարտել պատերազմը և ամբողջությամբ վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանգստյան օրերին հստակ ակնարկել է, որ Իսրայելը պահպանում է լիարժեք պատրաստվածությունը մարտական գործողությունների նոր փուլի համար։
«Մեր աչքերը բաց են նաև Իրանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- հայտարարել է Նեթանյահուն իր նախարարների կաբինետին։
Իրավիճակին ծանոթ միջազգային աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը դիվանագիտության ձախողման դեպքում սերտորեն համակարգում է գործողությունները Վաշինգտոնի հետ հնարավոր ռազմական սցենարների շուրջ։
Միևնույն ժամանակ, Թեհրանը պնդում է, որ անուղղակի դիվանագիտությունը դեռևս շարունակվում է։
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջոցով
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակվում են կողմերի միջև որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի միջոցով։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանն արդեն պատասխանել է ամերիկյան վերջին խաղաղ առաջարկին և պակիստանյան խողովակով փոխանցել է իր դիտողությունները։
Ըստ նրա՝ դիվանագիտական շփումները «շարունակվում են պակիստանցի միջնորդի միջոցով», չնայած նրան, որ իրանական լրատվամիջոցները ԱՄՆ-ի վերջին պահանջների մի մասը որակում են չափազանցված։ Մարտական գործողությունների ներկայիս դադարն ի սկզբանե լիարժեք խաղաղության համաձայնագիր չէր. այն միայն տարածություն էր ստեղծել բանակցությունների համար, քանի դեռ կողմերը վերագնահատում էին իրենց դիրքորոշումները մի քանի շաբաթ տևած դիմակայությունից հետո։
Այդուհանդերձ, դիվանագիտական գործընթացը բազմիցս հայտնվել է փակուղում։ Իրանը հրաժարվում է ոչնչացնել կամ հանձնել հարստացված ուրանի իր պաշարները, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Թեհրանը ապամոնտաժի կամ խիստ սահմանափակի միջուկային ծրագիրը՝ որպես պատժամիջոցների մեղմացման և ռազմական ճնշման ամբողջական դադարեցման պարտադիր պայման։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի գլխավորած ծովային շրջափակումը և Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովման գործողությունները չկարողացան լիովին վերականգնել առևտրային նավագնացության վստահությունը՝ չնայած միջազգային ճնշմանը և Project Freedom գործողությանը։
Սա երկու կողմերի համար էլ ստեղծել է նոր, վտանգավոր ռազմավարական տրամաբանություն՝ այն համոզմունքը, որ պատերազմի ևս մեկ փուլ կարող է ուժեղացնել բանակցային դիրքերը։
Ի՞նչ կարող է Իրանն այլ կերպ անել նոր պատերազմի դեպքում
Վերլուծաբաններն ու տարածաշրջանային դիտորդները գնալով ավելի հակված են այն մտքին, որ պատերազմի վերսկսման դեպքում Թեհրանը պատրաստում է պատասխան գործողությունների շատ ավելի լայնամասշտաբ և ագրեսիվ ռազմավարություն։
Իրանցի պաշտոնյաները և պետության հետ կապված մեկնաբանները բացահայտորեն զգուշացնում են, որ Պարսից ծոցի այն երկրները, որոնք թույլ կտան օգտագործել իրենց տարածքը ԱՄՆ-ի կամ Իսրայելի գործողությունների համար, կարող են բախվել ուղղակի հետևանքների։
Վերլուծաբանների քննարկվող էսկալացիայի հնարավոր սցենարների թվում են.
- հարվածներ Պարսից ծոցի երկրների կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին,
- կիբերհարձակումներ ֆինանսական և հաղորդակցության համակարգերի վրա,
- հարվածներ էներգետիկ օբյեկտներին և առևտրային երթուղիներին,
- տարածաշրջանում ստորջրյա ինտերնետային և օպտիկամանրաթելային կաբելների աշխատանքը խափանելու փորձեր։
Նման գործողությունները կարող են կտրուկ ընդլայնել հակամարտության մասշտաբները և լրջորեն ապակայունացնել համաշխարհային էներգետիկ շուկաներն ու միջազգային առևտուրը։
Իրանի պետական հեռուստատեսությունը վերջին օրերին նույնպես գնալով ավելի ռազմականացվող մթնոլորտ է արտացոլում։ Շատ դիտորդներ դա գնահատում են որպես հասարակական կարծիքի նախապատրաստում պատերազմի հնարավոր վերսկսմանը։
Մի շարք եթերների ընթացքում հաղորդավարները հայտնվել են զենքով կամ ուղիղ կադրում անցել են զենքի հետ վարվելու վերապատրաստում, մինչդեռ իշխանամետ հռետորաբանությունն ավելի ու ավելի է կենտրոնանում զոհողության, դիմադրության և համազգային մոբիլիզացիայի թեմաների վրա։
Մի քանի հիմնական գործոններ կարող են որոշել՝ տարածաշրջանը կվերադառնա՞ պատերազմի, թե՞, այնուամենայնիվ, կպահպանի դիվանագիտության հնարավորությունը.
Ինչի՞ն ուշադրություն դարձնել այս շաբաթ
-Թրամփի ցանկացած հայտարարություն ռազմական խորհրդականների հետ խորհրդակցություններից հետո, իսրայելական զինված ուժերի տեղաշարժերը կամ մոբիլիզացիան, իրանական նոր զգուշացումները Հորմուզի նեղուցի կամ Ծոցի երկրների վերաբերյալ, կուլիսային բանակցությունների առաջընթացը կամ ձախողումը, նոր հարձակումները տարածաշրջանի նավագնացության, էներգետիկ ենթակառուցվածքների կամ ռազմաբազաների վրա։
Դիվանագետներն ընդգծում են, որ միջնորդների միջոցով կուլիսային շփումները շարունակվում են, ինչը նշանակում է, որ դիվանագիտական ելքը դեռևս հնարավոր է։
Այդուհանդերձ, գնալով կոշտացող հռետորաբանության, արագացող ռազմական նախապատրաստությունների և պահպանվող անվստահության ֆոնին Մերձավոր Արևելքը կրկին թևակոխում է այս տարի պատերազմի սկսվելուց ի վեր ամենավտանգավոր ու անկայուն շրջաններից մեկը։
Source: https://news.am/hy/news/1036390
Football
Մերձավոր Արևելքը սահմանագծին. կվերսկսվի՞ պատերազմն Իրանի հետ. ինչու այս շաբաթը կարող է վճռորոշ դառնալ. Gulf News
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։