Սպանության մեջ մեղադրվող Լուիջի Մանջիոնեի երեք մոլի երկրպագուհիներ, որոնք Նյու Յորքի քաղաքապետարանից պաշտոնական մամուլի անցագրեր էին ստացել, ցնցել են հանրությանը Մանհեթենի դատարանի շենքի մոտ իրենց հայտարարություններով՝ բացահայտ արդարացնելով քաղաքական բռնությունն ու UnitedHealthcare-ի ղեկավար Բրայան Թոմփսոնի սպանությունը։

Ինչպես հայտնում է New York Post-ը, ինքնահռչակ «Mangionistas»-ները՝ Աբրիլ Ռիոսը, Էշլի Ռոխասը և Լենա Վայսբրոտը, հպարտությամբ ցուցադրում էին քաղաքից ստացած մամուլի քարտերը, որոնք նրանց թույլ էին տալիս լուսաբանել 28-ամյա Լուիջի Մանջիոնեի առաջիկա դատավարությունը, որը մեղադրվում է ապահովագրական հսկայի գլխավոր տնօրենի սպանության մեջ։

Աղջիկները փաստորեն տեղի ունեցողը վերածել էին մեղադրյալի հրապարակային աջակցության։ «Գրողի ծոցը Բրայան Թոմփսոնին։ Ահա այն ամենը, ինչ ուզում եմ ասել։ Գրողի ծոցը Բրայան Թոմփսոնին։ Եվ նրա մորը նույնպես», — տեսախցիկների առաջ ուղիղ եթերում հայտարարել է Էշլի Ռոխասը՝ վզից կախված ցուցադրելով իր մամուլի անցագիրը։

Նրա ընկերուհի Լենա Վայսբրոտն ավելի հեռու է գնացել։ «Նրա երեխաներն առանց նրա ավելի լավ կլինեն», — ասել է նա զոհվածի մասին։ «Նրանք պետք է սովորեն իրենց հոր նման չլինել։ Վայելեք ձեր «արյունոտ փողերը», երեխաներ»։

Դրանից հետո Վայսբրոտը Թոմփսոնին համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ։

«Նա ավելի շատ մահերի համար է պատասխանատու, քան Ուսամա բեն Լադենը։ Իսկ ամերիկացիները, չէ՞ որ, տոնում էին բեն Լադենի մահը։ Նշանակում է՝ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է «հերոսական բռնությունը», — հայտարարել է նա։

Այս սկանդալային մեկնաբանությունները հնչել են Մանջիոնեի գործով կարևոր դատական լսման ժամանակ, որն արդեն սոցիալական ցանցերի արմատական տրամադրված օգտատերերի մի մասի համար վերածվել է ամերիկյան առողջապահական ապահովագրության համակարգի դեմ մի յուրօրինակ «ժողովրդական վրիժառուի»։

Դատարանի շենքի մոտ կրկին հավաքվել էին մեղադրյալի տասնյակ աջակիցներ՝ «Ազատություն Լուիջիին» պաստառներով և Nintendo-ի Luigi կերպարի ոճով կանաչ գլխարկներով։

Այս երեք աղջիկները համարվում են Մանջիոնեի ամենաակտիվ երկրպագուհիներից և համատեղ վարում են Mangionistas անունով Instagram-ի էջ, որտեղ հրապարակում են քաղաքական գրառումներ և մեղադրյալին աջակցող նյութեր։

Հատուկ վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ երեքն էլ Նյու Յորքի պաշտոնական մամուլի անցագրեր էին ստացել՝ անկախ մեդիայի և բլոգերների համար հավատարմագրման մեղմացված կանոնների շնորհիվ։

Նոր պահանջների համաձայն՝ մամուլի քարտ ստանալու համար բավական է ներկայացնել մի քանի հրապարակված նյութ այն իրադարձությունների մասին, որոնք դիմորդը լուսաբանել է անձամբ։

Քննադատության ալիքից հետո քաղաքապետարանի ներկայացուցիչ Դորա Պեկեկը հայտարարել է, որ վարչակազմը վերանայում է մամուլի հավատարմագրերի տրամադրման համակարգը։

Աբրիել Ռիոսը սոցիալական ցանցերում գրել է. «Ճիշտ այնպես, ինչպես դուք կարող եք մամուլի քարտ ստանալ և առաջ մղել հակասոցիալիստական անհեթեթություններ, ես նույնպես կարող եմ օգտագործել իմ ձայնը հանուն այն բանի, ինչին հավատում եմ»։

Լրագրողների հետ շփման ընթացքում Ռիոսը նաև սկսել է արդարացնել քաղաքական բռնությունը՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության Երկրորդ ուղղմանը։

«Ինչո՞ւ ենք մենք այդքան պաշտպանում զենքի իրավունքը։ Որպեսզի մարդիկ դպրոցներում հրաձգություններ իրականացնե՞ն։ Թե՞ ժողովրդավարությունը պաշտպանելու համար», — հայտարարել է նա։

Դրանից հետո աղջիկը Դոնալդ Թրամփի հասցեին ավելացրել է էլ ավելի արմատական մի արտահայտություն. «Ինչո՞ւ նախագահը կարող է ասել՝ «մենք ձեզ կգտնենք ու կսպանենք», իսկ մեզ չի՞ կարելի պահանջել պատասխանատվություն։ Ես ուզում եմ նրան տեսնել քաղաքային հրապարակում ձվերից կախված։ Թրամփ, ես գալիս եմ քո հետևից, փոքրիկ»։

Լենա Վայսբրոտը նաև հայտարարել է, որ իր «իդեալական ռեժիմում» որոշ մարդկանց պետք է մահապատժի ենթարկել, այդ թվում՝ «միլիարդատերերի դասի» ներկայացուցիչներին և ապահովագրական ընկերությունների հետ կապված քաղաքական գործիչներին։

Աղջիկների հայտարարությունները կտրուկ արձագանք են առաջացրել քաղաքական գործիչների և հանրության շրջանում։

Նյու Յորքի քաղաքային խորհրդում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Դևիդ Քարը հայտարարել է. «Սա Ամերիկան է. մարդիկ կարող են խոսել ինչքան ուզեն՝ ամեն տեսակ խելահեղ բաներ։ Բայց սպանությամբ տարված այս մոլագար երկրպագուհիներին երբեք չպետք է թույլ տային մուտք ունենալ դատարանի դահլիճներ և պաշտոնական միջոցառումներ Նյու Յորք քաղաքի անունից։ Նրանք լրագրողներ չեն, նրանք գայլեր են»։

Լուիջի Մանջիոնեի փաստաբան Կարեն Ֆրիդման Ագնիֆիլոն նույնպես հեռավորություն է պահել սկանդալային կողմնակիցներից։ «Այս մարդիկ չեն ներկայացնում Լուիջիի և աշխարհով մեկ նրան աջակցություն հայտնող տասնյակ հազարավոր մարդկանց տեսակետները», — հայտարարել է նա։ «Միայն փաստաբաններն իրավունք ունեն խոսել Լուիջիի անունից։ Մենք դատապարտում ենք այս զզվելի և անպատասխանատու հայտարարությունները»։

Source: https://news.am/hy/news/1036632