Լոս Անջելեսում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված հայ ընտանիքի հարազատները հանգանակության պաշտոնական հավաք են հայտարարել և տարածել հետևյալ հայտարարությունը.

«Մեր ընտանիքը խորապես սգում է 31-ամյա Խաժակ Բասմաջյանի, նրա կնոջ՝ 29-ամյա Մարինեի, նրանց 2 տարեկան որդու՝ Ալեքի և նորածին դստեր՝ Էլլայի, որն ընդամենը 6 օրական էր, ողբերգական կորուստը։

Մեկ ակնթարթում մենք կորցրինք մի ամբողջ երիտասարդ ընտանիք, որին անկեղծորեն սիրում էին բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին։ Խաժակը նվիրված ամուսին էր, սիրող հայր, թանկագին որդի, եղբայր և ընկեր։ Նրան ճանաչել՝ նշանակում էր սիրել նրան։ Դեմքին պայծառ ժպիտով և կյանքի հանդեպ լավատեսական հայացքով նա մի մարդ էր, ում վրա միշտ կարելի էր հույս դնել։

Մարինեն հոգատար մայր էր և կին։ Նա խաղաղություն էր գտնում կարգուկանոնի ու կազմակերպվածության մեջ և սիրում էր ժամանակ անցկացնել հարազատների շրջապատում։

Ալեքը ուրախություն ու ծիծաղ էր բերում ամենուր, ուր էլ որ գնար։ Իր պայծառ ժպիտով ու հորից ժառանգած կայտառ աչքերով նա պաշտում էր իր խաղալիք մեքենաները և վայելում էր կյանքը (հատկապես շատ էր սիրում պաղպաղակ)։ Ալեքն անհամբերությամբ սպասում էր իր կրտսեր քրոջ՝ Էլլայի հետ հանդիպմանը, որն ապրեց ընդամենը վեց օր։

Այժմ, երբ մեր առջև ծառացել է անհավատալիորեն ծանր մի խնդիր՝ հարգել մեր ընտանիքի չորս թանկագին անդամների հիշատակը և կազմակերպել նրանց հուղարկավորությունը, մենք աջակցություն ենք խնդրում՝ այս դժվարին ժամանակահատվածում հուղարկավորության, հիշատակի միջոցառումների և այլ չնախատեսված ծախսերը հոգալու համար»։

Ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը հայտնել էր, որ ընտանիքի երեք անդամները մահացել են գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։ Նրանք նույնականացվել են որպես 31-ամյա Խաժակ Բասմաջյան, 2-ամյա Ալեք Բասմաջյան և 6 օրական Էլլա Բասմաջյան։

30-ամյա Մարինե Բասմաջյանը նույնպես մահացել է գլխի հրազենային վնասվածքից, սակայն, ոստիկանության տվյալներով, նրա մահը որակվել է որպես ինքնասպանություն։

Source: https://news.am/hy/news/1040007