Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի երկրներ ագրոարտադրանքի արտահանման աջակցության մի քանի ծրագիր: Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ խոսքը տրանսպորտային ծախսերի, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականությանն (IP) առնչվող ծախսերի փոխհատուցման մասին է:

Նա հայտնել է, որ տարեսկզբից Հայաստանից ԵՄ արտահանումը կրկնապատկվել է, սակայն Երևանը տրամադրված է էլ ավելի ագրեսիվ և նպատակ ունի մինչև տարեվերջ այն ավելացնել 4–5 անգամ։

Պապոյանը պարզաբանել է, որ ԵՄ են արտահանվում թե՛ բանջարեղեն, թե՛ մրգեր, թե՛ վերամշակող արդյունաբերության արտադրանք։

«Հայաստանից արտահանվող մրգերն ու բանջարեղենն ունեն իրենց չափանիշներով ամենաբարձր հավաստագրերից մեկը՝ Global G.A.P. Certificate-ը։ Դա այն է, ինչ վաճառվում է եվրոպական երկրների սուպերմարկետներում։

Բայց կան նաև այլ ծախսեր, օրինակ՝ տրանսպորտային։ Մենք ներկայացրել ենք աջակցության ծրագիր և ագրեսիվ կերպով սուբսիդավորելու ենք, որպեսզի արտադրողները կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկայի համար։ Ծաղիկների արտահանման գծով աջակցության ծավալը մինչև տարեվերջ կկազմի 5,5 միլիոն դոլար, լոլիկի և պղպեղի արտահանման գծով՝ 3,5-ական միլիոն դոլար։ Արտահանումը կողմնորոշված կլինի դեպի եվրոպական բոլոր երկրներ՝ սկսած Հունաստանից մինչև Գերմանիա։

Միևնույն ժամանակ, Հայաստանը հույս ունի ուղղակի ֆինանսական աջակցություն ստանալ Եվրոպական միությունից և պետք է ստանա այն։ Եվրոպացի գործընկերները խոստացել են 10 ամսվա ընթացքում լուծել այս հարցը»,- ընդգծել է Պապոյանը։

Նա վստահեցրել է, որ հայկական արտադրանքի որակը համապատասխանում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ամենաբարձր չափանիշներին։

Նախարարը նաև հավաստիացրել է, որ ներքին շուկայում լոլիկի ավելցուկ չկա, ինչի մասին վկայում են բարձր գները։ Նա չի բացառել, որ մեկ կիլոգրամի գինը կարող է իջնել մինչև 400–500 դրամ։

Source: https://news.am/hy/news/1040047