Լիտվայի արտաքին գործերի նախարարություն կանչված Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին հինգշաբթի վճռական բողոք է ներկայացվել չորեքշաբթի գիշերը Լիտվայի պետական սահմանին օդային տարածքի խախտման կապակցությամբ։ Դրա մասին հայտնում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի ԱԳՆ-ին:

Ինչպես նշել են ԱԳՆ-ում, այս խախտումը ուղղակի սպառնալիք է ստեղծել քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և հանգեցրել է Վիլնյուսի միջազգային օդանավակայանի վրայով օդային տարածքի օգտագործումը ժամանակավորապես սահմանափակելու անհրաժեշտությանը:

Ընդգծվում է, որ բելառուս դիվանագետին կրկին հիշեցրել են. նմանօրինակ շարունակվող միջադեպերը դիտարկվում են որպես միջազգային իրավունքի լուրջ խախտումներ և որպես Լիտվայի դեմ ուղղված կանխամտածված հիբրիդային հարձակումներ, որոնց պատասխանատվությունը կրում է Բելառուսը:

«Լիտվական օդանավակայաններ» ընկերության տվյալներով՝ սահմանափակումները անդրադարձել են երկու չվերթի վրա և անհանգստություն պատճառել ավելի քան 120 ուղևորի: Մեկ ինքնաթիռ վերահասցեագրվել է Կոպենհագենի օդանավակայան, իսկ ևս մեկ չվերթ ստիպված են եղել չեղարկել:

Նախարարությունը կրկին պահանջել է, որպեսզի Բելառուսը կատարի իր միջազգային պարտավորությունները՝ սեփական տարածքում և օդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերահսկման հարցում, և անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ ապագայում նման խախտումները կանխելու համար:

Ինչպես հիշեցնում է ELTA գործակալությունը, օդապարիկների հետ կապված ճգնաժամի պատճառով անցյալ տարվա վերջին Լիտվայի կառավարությունն ամբողջ երկրում հայտարարել էր արտակարգ դրություն:

Բելառուսից արձակվող մաքսանենգ օդապարիկների ներկայացրած սպառնալիքի պատճառով անցյալ տարվա հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը բազմիցս դադարեցվել է:

Լիտվան դիմել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ Բելառուսից օդերևութաբանական փուչիկների կրկնվող ներհոսքի կապակցությամբ:

Ինչպես հայտնել էր ELTA-ն, չորեքշաբթի գիշերը Բելառուսի տարածքից արձակված մաքսանենգ օդապարիկների պատճառով մեկ ժամով սահմանափակումներ են մտցվել Վիլնյուսի օդանավակայանի վրայով օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Source: https://news.am/hy/news/1035521