Լիբանանի առողջապահության նախարարությունը դատապարտել է իսրայելական հակառակորդի կողմից մայիսի 18-ին Տյուրոսի շրջանի Ալ-Մաաշուկ քաղաքում առաջնային առողջապահության պահպանման կենտրոնի ամբողջական ոչնչացումը։ Դրա մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Ըստ հայտարարության՝ այդ հարվածի հետևանքով Իսրայելի կողմից հարձակման ենթարկված բժշկական օբյեկտների թիվը հասել է 31-ի։

«Այս կրկնվող հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են, որը նախատեսում է բուժաշխատողների, բժշկական ու սանիտարական հաստատությունների, ինչպես նաև առողջապահական կենտրոնների պաշտպանություն, մինչդեռ թշնամին շարունակում է թիրախավորել բժշկական ոլորտը, դրա անձնակազմն ու օբյեկտները՝ արհամարհելով միջազգային նորմերն ու օրենքները»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Մարտի 2-ից ի վեր Իսրայելը բազմիցս հարվածներ է հասցրել երկրի բժշկական ծառայություններին, որոնց հետևանքով սպանվել են լիբանանցի բազմաթիվ բուժաշխատողներ և շտապօգնության աշխատակիցներ։

Source: https://news.am/hy/news/1036767