Կուբայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն «արյունահեղ սպանդի» կհանգեցնի՝ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար անկանխատեսելի հետևանքներով, հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Կուբան սպառնալիք չի ներկայացնում»,- X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ գրել է Դիաս-Կանելը։
Կուբայի առաջնորդի հայտարարությունը հաջորդել է Axios-ի հրապարակմանը, որտեղ, հղում անելով գաղտնի հետախուզական տվյալներին, նշվում էր, թե Կուբան իբր ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք է ձեռք բերել և քննարկել է դրանք Գուանտանամոյի ամերիկյան ռազմածովային բազայի, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքի դեմ հնարավոր կիրառման ծրագրերը։
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Հավանան, ինչպես և աշխարհի ցանկացած պետություն, ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ունի օրինական ինքնապաշտպանության իրավունք։ Նա ընդգծել է նաև, որ Կուբայի հասցեին հնչող մեղադրանքներն օգտագործվում են հնարավոր ագրեսիան արդարացնելու համար։
Երկու երկրների միջև լարվածությունը վերջին օրերին կտրուկ աճել է։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ դատախազությունը դիտարկում է Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ 1996 թվականի միջադեպի առնչությամբ, երբ խոցվել էին Brothers to the Rescue մարդասիրական կազմակերպության երկու ինքնաթիռներ։ Այդ քայլը կարող է դառնալ ամերիկյան վարչակազմի ճնշումների էսկալացիայի հերթական փուլը, որը Կուբայի ղեկավարությանը մեղադրում է կոռուպցիայի ու անարդյունավետ կառավարման մեջ և պնդում երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։
Source: https://news.am/hy/news/1036370
Football
Կուբայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն «արյունահեղ սպանդի» կհանգեցնի. նախագահ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։