Նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղը բացվի, Կատարից տարիներ կպահանջվեն նավթի արդյունահանման նախապատերազմյան մակարդակին վերադառնալու համար, գրում է The New York Times-ը (NYT):

Ի տարբերություն իր հարևանների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների, որոնք ունեն նեղուցը շրջանցող խողովակաշարեր, այս երկիրն աշխարհագրական առումով փակուղու մեջ է հայտնվել, նշում է պարբերականը: Իրանական շրջափակումից հետո՝ հենց առաջին 24 ժամվա ընթացքում, Կատարի պետական էներգետիկ QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ անհնարին է դարձել պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Երկու շաբաթ անց իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռաս Լաֆանի կատարական գործարանին, ինչը, ինչպես հիշեցնում է NYT-ը, 17%-ով նվազեցրել է արտադրական հզորությունները:

Վերլուծաբանների գնահատականներով՝ պատերազմի սկզբից ի վեր QatarEnergy-ն արդեն միլիարդավոր դոլարներ է կորցրել, և քանի դեռ նեղուցը փակ է, բաց թողնված օգուտների ու նավերի վարձակալության վճարների պատճառով ամեն օր ևս հարյուրավոր միլիոններ է կորցնում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ այս տարի Կատարի տնտեսությունը կկրճատվի 8,6%-ով։

Պատերազմը հարվածել է նաև Կատարի՝ զբոսաշրջության, միջազգային բիզնեսի ու ֆինանսական կենտրոն դառնալու հավակնություններին։ Պատերազմից առաջ Կատարում կյանքն այնքան ակտիվ է եղել, որ գրեթե չի եղել մի ամիս, որ երկրում որևէ խոշոր միջազգային սպորտային իրադարձություն չկազմակերպվեր։ Սակայն պատերազմի սկսվելուն պես՝ ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից ճամփորդական սահմանափակումների հորդորների ֆոնին, Կատար այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Բազմաթիվ տրանսնացիոնալ ընկերություններ իրենց աշխատակիցներին տարհանել են երկրից։ Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) մարտին հաշվարկել է, որ Մերձավոր Արևելքը օրական 600 միլիոն դոլարի եկամուտ է կորցնում զբոսաշրջության ոլորտում։

Բացի այդ, Կատարը ներկրում է իր պարենի մոտ 90%-ը։ Եվրոպայից բերվող թարմ մթերքն ու Ամերիկայից ստացվող հացահատիկը, որոնք նախկինում տեղափոխվում էին ծովով, այժմ վերաուղղորդվում են թանկարժեք ավիաուղիներով կամ բեռնատարներով (Սաուդյան Արաբիայի տարածքով)։ Այդուհանդերձ, ներկրվող ապրանքների, օրինակ՝ Տանզանիայից ինքնաթիռներով բերվող ավոկադոյի գներն աճել են ընդամենը 5–10%-ով։ Պարբերականը նշում է, որ դա հնարավոր է դարձել կյանքի թանկացումը կայունացնելուն ուղղված պետական սուբսիդիաների շնորհիվ։

Ինչպես գրել է NYT-ը, Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմից ամենամեծ օգուտը քաղել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ինչը նրանք իրականացրել են նավթից ստացված եկամուտների շնորհիվ։ Միացյալ Նահանգներն ավելացրել է նավթի, դիզվառելիքի և այլ էներգակիրների արտահանումը. էներգառեսուրսների ծովային մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 145 միլիոն բարելով, իսկ լրացուցիչ եկամուտները կազմել են մոտ 50 միլիարդ դոլար։ Պարբերականը նշում է, որ թեև ռուսական նավթի ծովային արտահանման ծավալները նվազել են շուրջ 592 հազար բարելով, այնուամենայնիվ համաշխարհային գների աճը Ռուսաստանին թույլ է տվել լրացուցիչ մոտ 15 միլիարդ դոլար աշխատել։

Ըստ NYT-ի հաղորդման՝ պատերազմի ամենածանր հետևանքներին բախվել են Իրաքը, Քուվեյթը և Կատարը, որոնք կախված են Օրմուզի նեղուցով արվող մատակարարումներից և չունեն արտահանման այլընտրանքային ուղիներ։ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարողացել են մասնակիորեն փոխհատուցել արտահանման անկումը՝ այս երթուղին շրջանցող խողովակաշարերի շնորհիվ։

Source: https://news.am/hy/news/1036182