Կատարը կոչ է անում հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը՝ ընդգծելով, որ այս ջրային զարկերակի փակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։

«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ Կատարը Հորմուզի նեղուցով անվտանգ անցման իրավունք ունի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ որևէ պետություն, այդ թվում՝ Իրանը, չի կարող խոչընդոտել նավերի տեղաշարժին կամ փակել նեղուցը։ Կատարի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ներկայումս տարբեր մակարդակներով շփումներ են իրականացվում Պարսից ծոցում կայունությունը վերականգնելու և նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։

Ալ-Անսարին միևնույն ժամանակ մատնանշել է, որ իրավիճակի դիվանագիտական կարգավորման այլընտրանք չկա։ Նա շեշտել է, որ Դոհան «լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդության հարցում Պակիստանի գործադրած ջանքերին»։ «Միջնորդական ջանքերին սատարելն այժմ [Դոհայի քաղաքականության] հիմքն է, և Կատարն աջակցում է դրանց»,- եզրափակել է վարչապետի խորհրդականը։

Source: https://news.am/hy/news/1036605