Իտալիայում վրդովմունքի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ Նոր Զելանդիայից ժամանած զբոսաշրջիկը ցուցադրական լող է կազմակերպել երկրի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկում՝ Հռոմի Տրևի շատրվանում։

30-ամյա տղամարդը հանկարծակի ցատկել է հանրահայտ բարոկկո ոճի շատրվանը՝ հենց հագուստով, հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առաջ։ Ականատեսների խոսքով՝ սկզբում նա մի քանի վայրկյան լողացել է ջրում, այնուհետև կանգնել և սկսել քայլել XVIII դարի ճարտարապետական հուշարձանի ներսում՝ ասես սովորական լողավազանում լիներ։

Սրանով օրինախախտը չի սահմանափակվել. քիչ անց նա կրկին սուզվել է, շրջվել մեջքի վրա և սկսել ցուցադրաբար դանդաղ լողալ՝ ամբողջությամբ անտեսելով ոստիկանության պահանջները՝ անմիջապես դուրս գալ շատրվանից։

Ի վերջո իրավապահները տղամարդուն դուրս են բերել ջրից։ Ավելի ուշ նրան տուգանել են 500 եվրոյով։

Սակայն շատ իտալացիների համար նման պատիժը չափազանց մեղմ է թվացել։ Սոցցանցերում օգտատերերը զանգվածաբար դժգոհություն էին հայտնում՝ տուգանքի չափը նման ազգային մշակութային ժառանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար «չնչին» անվանելով։ «500 եվրոն մանրուք է։ Եթե տուգանքը 5,000 եվրո լիներ, այդ ժամանակ զբոսաշրջիկներն իսկապես կմտածեին», — գրել է օգտատերերից մեկը։

Մյուս մեկնաբանները պահանջում էին ավելի խիստ միջոցներ՝ ներառյալ ձերբակալություն, խոշոր ֆինանսական պատժամիջոցներ և նույնիսկ երկիր կրկին մուտք գործելու սահմանափակումներ։

Տրևի շատրվանը, որի կառուցումը տևել է ավելի քան 30 տարի և ավարտվել XVIII դարում, վաղուց մնում է ոչ միայն Իտալիայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը, այլև հասարակական կարգը խախտողների հաճախակի թիրախը։

Նման միջադեպեր տեղի են ունենում պարբերաբար. միայն անցյալ տարի ևս մեկ զբոսաշրջիկ նույնպես ցատկել էր շատրվանը՝ չնայած խիստ արգելքին, առաջացնելով հանրության համանման արձագանք։

Հերթական սկանդալի ֆոնին Իտալիայում ավելի ու ավելի բարձր են հնչում նման գործողությունների համար պատիժները խստացնելու կոչերը, որպեսզի երկրի պատմական հուշարձանները պաշտպանվեն զբոսաշրջային վանդալիզմից։

Source: https://news.am/hy/news/1036270